Կառավարությունը Եկեղեցու ներսում «ճգնաժամի և դրա լուծման ուղիների» մասին զեկույց է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը Հայ առաքելական եկեղեցում առկա իրավիճակը բնորոշում է որպես «ճգնաժամ» և առաջարկում դրա հաղթահարման հինգ քայլ՝ բարենորոգման գործընթացի մեկնարկից մինչև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։ 74 էջանոց փաստաթուղթը պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը։ Հեղինակները հայտարարում են, որ չեն վիճարկում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան ավանդությունն ու կանոնական կարգը և իրենց նպատակը համարում են այդ կարգի ենթադրյալ խախտումների փաստագրումն ու դրանց լուծման ուղիների առաջարկումը։
Զեկույցում Գարեգին Բ-ն հետևողականորեն անվանվում է ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոս, այլ Հայ առաքելական եկեղեցու «փաստացի պետ»։
Փաստաթղթի հեղինակները եկեղեցում առկա «ճգնաժամը» նկարագրում են 16 հիմնական ուղղություններով։ Դրանց թվում նշվում են կուսակրոնության ուխտի և բարեվարքության պահանջների ենթադրյալ խախտումները, հոգևորականների նկատմամբ կամայական հետապնդումները, ֆինանսական անթափանցիկությունը, ազգակցական ձեռնադրություններն ու նշանակումները, եկեղեցու «քաղաքականացումը», «արտաքին ազդեցությունները», եկեղեցական կառավարման մարմինների աշխատանքի խափանումը, Սփյուռքի որոշ թեմերում պառակտումները և եկեղեցապատկան գույքի տնօրինման խնդիրները։
Կուսակրոնության ուխտի խախտման մասին պնդումները
Զեկույցի ամենազգայուն հատվածներից մեկը վերաբերում է Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու և զավակ ունենալու մասին տարիներ շարունակ շրջանառվող պնդումներին։
Հեղինակները որպես հիմնավորում ներկայացնում են մամուլի հրապարակումներ, ինչպես նաև գործող և նախկին հոգևորականների ու այլ անձանց հայտարարություններ, որոնցում պնդվում է, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։
Զեկույցում ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Գարեգին Բ-ն հրապարակայնորեն չի հերքել իր հասցեին հնչած այս պնդումները։
Ինքը՝ կաթողիկոսը, 2026-ի հունիսին, անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, հայտարարել էր, որ եկեղեցականին վերագրվող հանցանքը կամ մեղքը պետք է քննվի համապատասխան եկեղեցական ատյանում։
Փաստաթղթի հեղինակները կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտումը ներկայացնում են որպես Գարեգին Բ-ի պաշտոնավարման հարցը բարձրացնելու հիմնավորումներից մեկը։
«Կլանային կառավարում» և ֆինանսական անթափանցիկության մասին պնդումներ
Զեկույցի ծավալուն հատվածներից մեկը վերաբերում է եկեղեցու կառավարմանը և ֆինանսներին։
Հեղինակները պնդում են, որ եկեղեցու ֆինանսական գործունեությունը բավարար չափով թափանցիկ չէ, նվիրատվությունների և գույքի տնօրինման վերաբերյալ ամբողջական հրապարակային հաշվետվություններ չկան, իսկ վերահսկողական մեխանիզմները պատշաճ չեն գործում։
Գարեգին Բ-ի օրոք ձևավորված կառավարման համակարգը փաստաթղթում բնորոշվում է նաև որպես «կլանային»։ Այս գնահատականը հիմնավորելու համար հեղինակները մատնանշում են կաթողիկոսի ազգականների և նրա ծննդավայրի հետ կապ ունեցող անձանց ձեռնադրությունների ու նշանակումների դեպքերը։
Զեկույցը Գարեգին Բ-ին և նրա ընտանիքի անդամներին մեղադրում է նաև Հայ առաքելական եկեղեցին Հայաստանում «արտաքին ազդեցությունների տարածման համար» օգտագործելու մեջ։
Փաստաթղթի առանձին բաժիններ վերաբերում են եկեղեցու «քաղաքականացմանը», հոգևորականների մասնակցությանը քաղաքական գործընթացներին և սոցիալական ցանցերում նրանց գործունեությանը։
Սրանք զեկույցի հեղինակների գնահատականներն ու մեղադրանքներն են, որոնց մի մասի համար փաստաթղթում որպես աղբյուր օգտագործվում են նաև մամուլի հրապարակումներ և հրապարակային հայտարարություններ։
27 տարի Ազգային-եկեղեցական ժողով չի գումարվել
Զեկույցի մեկ այլ առանցքային թեմա եկեղեցու կառավարման մարմինների գործունեությունն է։
Փաստաթղթի համաձայն՝ Գարեգին Բ-ի գահակալության 27 տարիների ընթացքում Ազգային-եկեղեցական ժողով չի գումարվել։ Զեկույցն այս իրավիճակը բնորոշում է որպես Ազգային-եկեղեցական ժողովի «27-ամյա խափանում»։
Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ Ազգային-եկեղեցական ժողով նախատեսվում էր անցկացնել 2019-ին, ապա այն տեղափոխվել էր 2020-ի նոյեմբեր, սակայն չէր կայացել համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով։
Հեղինակները խնդիրներ են արձանագրում նաև եկեղեցական մյուս ժողովների և ընտրովի կառույցների գործունեության հարցում։
Ըստ զեկույցի՝ Հայ առաքելական եկեղեցու կառավարման ավանդական սկզբունքը ենթադրում է ոչ միայն հոգևորականների, այլև աշխարհականների մասնակցություն․ հավատացյալները պետք է ընտրեն ծխական և թեմական մարմիններ և դրանց միջոցով մասնակցեն եկեղեցու կառավարմանը։
Հայաստանի թեմերի վիճակը զեկույցում համեմատվում է Սփյուռքի որոշ թեմերի հետ։ Որպես օրինակ բերվում է ԱՄՆ Արևելյան թեմը, որտեղ թեմական ժողովը գումարվում է ամեն տարի, ինչպես նաև ԱՄՆ Արևմտյան թեմը, որտեղ 2026-ի մայիսին կայացել է 99-րդ տարեկան թեմական պատգամավորական ժողովը։
Զեկույցի հեղինակները պնդում են, որ Հայաստանի 12 թեմերում նման ընտրովի մեխանիզմների պատշաճ աշխատանքի հրապարակային ապացույցներ չկան և եզրակացնում են, որ հավատացյալների մասնակցությունը եկեղեցու կառավարմանը սահմանափակվել է։
Վեց սկզբունք և հինգ քայլ
Զեկույցը չի սահմանափակվում խնդիրների նկարագրությամբ և առաջարկում է եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ։
Այն կառուցված է վեց սկզբունքի շուրջ՝ կանոնականություն, խորհրդակցական կառավարում, ապաքաղաքականացում, թափանցիկություն և հաշվետվողականություն, բարեվարքություն և արժանապատվություն, ինչպես նաև պետություն-եկեղեցի տարանջատում։
Վերջին սկզբունքի համաձայն՝ եկեղեցու բարենորոգումը պետք է իրականացնեն հենց եկեղեցին, հոգևորականներն ու հավատացյալները։ Զեկույցում նշվում է, որ պետությունը պետք է գործի իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակում և չմիջամտի եկեղեցու ներքին վարդապետական ու կանոնական ինքնուրույնությանը։
Միաժամանակ փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է բարենորոգման առաջարկվող հաջորդականությունը՝ գործող կաթողիկոսի հեռացումից մինչև եկեղեցու կառավարման նոր համակարգի ձևավորում և նոր կաթողիկոսի ընտրություն։
Առաջարկվում է Գարեգին Բ-ին «հանգստի կոչել»
Առաջին քայլով առաջարկվում է ստեղծել բարենորոգման համակարգող խումբ՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ։
Այն պետք է քննարկումներ կազմակերպի թեմերում և ծխական համայնքներում, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացնի Սփյուռքի թեմերի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքությունների հետ։
Երկրորդ քայլն անմիջականորեն վերաբերում է Գարեգին Բ-ին։ Զեկույցն այն ձևակերպում է որպես ՀԱԵ «փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)»։
Որպես նման քայլի հիմնավորումներ՝ հեղինակները թվարկում են կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտումը, եկեղեցական ժողովների չգումարումը, ազգակցական նշանակումները, քաղաքական գործունեությունը, հոգևորականների նկատմամբ կիրառված կարգապահական միջոցները, Սփյուռքի թեմերում առաջացած խնդիրները, ինչպես նաև ֆինանսական և գույքային կառավարման թափանցիկության պակասը։
Այսպիսով, առաջարկվող բարենորոգման գործընթացի առանցքային փուլերից մեկը գործող կաթողիկոսի հեռացումն է։
Գարեգին Բ-ից հետո՝ տեղապահ և անկախ աուդիտ
Երրորդ քայլով առաջարկվում է Գարեգին Բ-ի հեռացումից հետո Եպիսկոպոսաց ժողովում ընտրել կաթողիկոսական տեղապահ։
Ըստ առաջարկվող մոդելի՝ տեղապահը պետք է նախապատրաստի Ազգային-եկեղեցական ժողովը, ավարտին հասցնի եկեղեցու միասնական կանոնադրության նախագիծը, կազմակերպի եկեղեցու ֆինանսական և գույքային վիճակի լիարժեք գույքագրումն ու անկախ աուդիտը, ինչպես նաև ապահովի թեմական և ծխական ընտրովի մարմինների ձևավորումը։
Զեկույցն առաջարկում է սահմանափակել տեղապահի պաշտոնավարման ժամկետը և նախատեսում է մի շարք այլ սահմանափակումներ։
Մասնավորապես՝ տեղապահը չպետք է կարողանա առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում իր իսկ կազմակերպած ընտրություններում։ Նրա պաշտոնավարման ընթացքում առաջարկվում է նաև չանցկացնել եպիսկոպոսական ձեռնադրություններ, թեմակալ առաջնորդների նշանակումներ և կարգալուծություններ։
Նոր կանոնադրություն, ապա՝ նոր կաթողիկոս
Չորրորդ քայլը Հայ առաքելական եկեղեցու միասնական կանոնադրության ընդունումն է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից։
Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են հստակ սահմանել եկեղեցական կառավարման մարմինների լիազորություններն ու դրանց գումարման պարբերականությունը։
Ազգային-եկեղեցական ժողովն առաջարկվում է գումարել առնվազն յոթ տարին մեկ։ Միաժամանակ նախատեսվում է մեխանիզմ, որով սահմանված թվով թեմերի կամ եպիսկոպոսների պահանջով հնարավոր կլինի ժողով գումարել՝ անկախ կաթողիկոսի կամքից։
Զեկույցն առաջարկում է նաև ստեղծել մշտապես գործող և եկեղեցական նվիրապետությունից վարչականորեն անկախ կանոնական դատարան, որի իրավասությունը կտարածվի նաև եպիսկոպոսների և կաթողիկոսի վրա։
Առաջարկվում է ստեղծել ընտրովի վերստուգիչ մարմին՝ տարեկան հրապարակային հաշվետվության պարտավորությամբ, սահմանել ֆինանսական թափանցիկության պարտադիր չափորոշիչներ, ինչպես նաև արգելել ազգակցական ձեռնադրություններն ու նշանակումները և հոգևորականների քաղաքական գործունեությունը։
Ճանապարհային քարտեզի հինգերորդ և վերջին քայլը նոր Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն է՝ արդեն նոր կանոնադրությամբ ձևավորված Ազգային-եկեղեցական ժողովում։
Զեկույցի հեղինակներն առաջարկում են նախապես և հրապարակայնորեն ստուգել կաթողիկոսի թեկնածուների համապատասխանությունը կանոնական պահանջներին՝ ներառյալ բարեվարքության և կուսակրոնության ուխտի պահպանման հարցերը, իսկ ընտրության ընթացակարգը դարձնել հրապարակային և արձանագրվող։
Այսպիսով, թեև զեկույցի հռչակած սկզբունքներից մեկը պետություն-եկեղեցի տարանջատումն ու եկեղեցու ներքին կանոնական կյանքին պետության չմիջամտելն է, վարչապետի հանձնարարությամբ պատրաստված փաստաթուղթը միաժամանակ մանրամասն ճանապարհային քարտեզ է առաջարկում՝ Գարեգին Բ-ի հեռացումից և կաթողիկոսական տեղապահի ընտրությունից մինչև եկեղեցու կառավարման նոր կանոնների սահմանում և նոր կաթողիկոսի ընտրություն։











