Գևորգ Թոսունյան
Կաթողիկոսի և մյուսների դատական գործի՝ նոյեմբերի 6-ին նշանակված նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ չէին ներկայացել ո՛չ մեղադրող կողմը, ո՛չ էլ տուժողը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մյուս բարձրաստիճան հոգևորականների պաշտպանական թիմից փաստաբան Արա Զոհրաբյանն այս ամենում միտում է տեսնում։
«Մենք կարծում ենք, որ այստեղ իրենք միտում ունեն ձգձգելու այս գործի քննությունը, որովհետև ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետը և մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար, և դա դատական ակտի կատարման խոչընդոտման հետ որևէ կապ չունի»,- նշեց նա լրագրողների հետ զրույցում։
Նիստի ընթացքում կողմը տեղեկացել է, որ դատախազները ծանրաբեռնված են այլ գործերով։ Զոհրաբյանը զարմանք հայտնեց, որ այս գործով չորս դատախազներից որևէ մեկը չի կարողացել մասնակցել նիստին։
«Չի կարող ամբողջ դատախազությունը նման կարևոր հարցում զբաղված լինել այլ գործերով։ Սա ուղիղ խոսում է նրանց կողմից այս գործընթացը սաբոտաժի ենթարկելու մասին»,- ասաց նա։
Ի դեպ, տուժող՝ Մասյացոտնի թեմի կարգալույծ արված առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան), շարունակում է գործունեությունը և տնօրինում է թեմի միջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Հենց այս պաշտոնանկության ընթացքում կաթողիկոսի ու եպիսկոպոսների համատեղ որոշումն էր դարձել այս քրեական գործի հիմքը։
Քրեական գործով նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ ընթացող դատավարության ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել էր մի շարք միջնորդություններ՝ պահանջելով դադարեցնել Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը, կարճել քրեական վարույթը կամ դիմել Սահմանադրական դատարան։
Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանում պնդել էր, որ քրեական գործի հիմքում ընկած հարցը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու ներքին՝ հոգևոր-կանոնական հարաբերություններին, որոնց պետությունը չպետք է միջամտի։
«Հայաստանի վարչապետն իրավասու չէ եպիսկոպոս հռչակել կամ ազատել, չունի այդ իրավունքը, որքան էլ նա այդ մասին ֆեյսբուքյան ստատուս գրի»,- հայտարարել էր Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը բացառապես եկեղեցական գործընթաց է, և պետական մարմինները չեն կարող որոշել հոգևորականի կարգավիճակը կամ վերանայել եկեղեցական առաջնորդի համապատասխան որոշումները։
Փաստաբանը նաև նշել էր, որ դատական ակտի կատարման անվան տակ պետությունը չի կարող ստանձնել եկեղեցու գործառույթները։ Նրա գնահատմամբ՝ եթե եկեղեցու կանոնական որոշումները կարող են քրեական հետապնդման հիմք դառնալ, ապա դա կարող է հանգեցնել եկեղեցու ներքին գործունեության նկատմամբ պետական վերահսկողության։
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչ Ռոման Ահարոնյանը նույնպես միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումն ու կարճել վարույթը՝ նշելով, որ ներկայացված մեղադրանքը չի կարող հիմք հանդիսանալ մեղադրական եզրակացության համար։
Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանն առարկել էր պաշտպանների միջնորդություններին՝ առաջարկելով մերժել դրանք։ Նա, մասնավորապես, նշել էր, որ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցը և այդ գործի շրջանակում կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով նրա մասով որոշակի գործողություններ իրականացնել։ Ըստ մեղադրողի՝ քանի դեռ այդ հարցով դատական ակտ չկա, հիմնավոր չէ պնդել, թե պետությունն արդեն միջամտել է եկեղեցու ներքին գործերին։
Այդ նիստի ընթացքում նաև պարզվել էր, որ նախաքննական մարմինը Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ որպես վկաներ, հինգ հարց է ուղղել։ Իրավապահներին հետաքրքրել էր, թե արդյոք նրանք տեղյակ են եղել դատարանի որոշման մասին, որով արգելվել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասով որոշումներ կայացնել, և ինչպես են մեկնաբանում այն հանգամանքը, որ, ըստ նախաքննության տվյալների, այդ հարցը քննարկվել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստում։
Դատարանը պետք է որոշում կայացնի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։












