Գարեգին Բ-ի գործով պաշտպանները պնդեցին՝ պետությունը միջամտել է եկեղեցու ներքին գործերին

«Հայաստանի վարչապետն իրավասու չէ եպիսկոպոս հռչակել կամ ազատել, չունի այդ իրավունքը, որքան էլ նա այդ մասին ֆեյսբուքյան ստատուս գրի»,- Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին, իսկ պաշտպանական կողմը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումն ու կարճել վարույթը կամ դիմել Սահմանադրական դատարան։ Մեղադրողն առարկեց միջնորդություններին, իսկ դատարանը որոշումը կկայացնի հաջորդ նիստին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործի դատավարությունը սեպտեմբերի 18-ին մեկնարկեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Դատավորն է Սերժ Ռուշանյանը, որը գործն ուղարկել էր Երևան՝ որոշելու, թե որ դատարանը պետք է քննի այն։ Երևանից էլ Վճռաբեկ դատարանն է հարցը լուծել՝ որոշելով, որ այն պետք է քննի հենց այս դատարանը։
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հանդես եկավ չորս միջնորդությամբ։
Պաշտպանները միջնորդեցին քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը կարճել կամ դիմել Սահմանադրական դատարան։
Կաթողիկոսի և հոգևորականների փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանում հայտարարեց, որ դատական ակտի կատարման անվան տակ պետությունը չի կարող ստանձնել եկեղեցու գործառույթը։ Զոհրաբյանի խոսքով՝ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը բացառապես հոգևոր-կանոնական գործընթաց է, և պետությունն իրավասություն չունի որոշելու, թե ով է եպիսկոպոս կամ ինչ հոգևոր աստիճան պետք է կրի։
«Դատական ակտով կարող է արգելվել միայն այնպիսի գործողություն, որը դուրս է հոգևոր դաշտից։ Պետությունը չի կարող որոշել կանոնի կիրառումը կամ վերանայել հոգևոր առաջնորդի կողմից հոգևորականի իրավիճակի վերաբերյալ որոշումը»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցու ներքին փոփոխություն է և ոչ թե այնպիսի հարց, որի վերաբերյալ որոշում կարող է կայացնել պետական մարմինը։
Տվյալ դեպքում, ըստ Զոհրաբյանի, պետության պարտականությունն է չմիջամտել եկեղեցու կյանքին։ Մյուս կողմից, դատարանը չպետք է գնահատի եկեղեցական կանոնների կիրառման իրավաչափությունը կամ վերանայի հոգևոր առաջնորդի որոշումները հոգևորականի կարգավիճակի վերաբերյալ։
Զոհրաբյանի խոսքով՝ Կաթողիկոսը կամ որևէ այլ անձ չէր կարող կանխատեսել, որ դարերով գործող եկեղեցական-կանոնական որոշումը կարող է հետագայում քրեական վարույթի հիմք դառնալ։
Հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունն ուղերձ է հղում․ եթե Կաթողիկոսը որևէ իրավիճակում հոգևորականին կարգալույծ հռչակի, կարող է ենթարկվել քրեական հետապնդման։ Ըստ փաստաբանի՝ սա ուղղակի միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, քանի որ տվյալ դեպքում եկեղեցին պետք է նախապես սկսի համաձայնեցնել իր որոշումները պետության հետ։





Փաստաբան Ռոման Ահարոնյանը նշեց, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Միջնորդեց նաև վարույթը կարճել։
«Այս արարքը չի կարող վերածվել մեղադրական եզրակացության։ Դատարանից խնդրում եմ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը»,- հայտարարեց փաստաբանը։
Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանն ասաց, որ քաղաքացիական դատարանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասով հայց է ընդունել և այդ հայցի շրջանակում հայցի ապահովման միջոց է կիրառել։ Դատախազը նշեց, որ այս հանգամանքին պաշտպանական կողմն անգամ չի անդրադարձել, որ գործը քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ։ Ըստ Մովսիսյանի՝ այդպիսով հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանը՝ թույլ չտալով Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասով որևէ գործողություն իրականացնել։ Այս դեպքում նա ասաց, որ քանի դեռ չկա դատական ակտ, սխալ է պնդել, որ պետությունը միջամտել է եկեղեցու գործին։
Պաշտպանական կողմն այսպիսով միջնորդեց կարճել գործը, դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների դեմ հարուցված քրեական հետապնդումը կամ դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցը լուծելու համար։
Դատախազն առարկեց միջնորդության դեմ ու առաջարկեց այն մերժել։
«Քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, եթե բացակայում է ապացույց հետազոտելու միջնորդություն»,- ասաց դատախազը։
Փաստաբան Արա Զոհրաբյանը պնդեց, որ ի սկզբանե դատարանն իրավունք չուներ Սարոյանի հայցն ընդունել վարույթ ու քննել։ Նրա խոսքով՝ պետք է տարանջատել հոգևոր և աշխարհիկ կանոնների բնույթը․ «Ըստ հոգևոր կանոնների՝ կանայք իրավունք չունեն եպիսկոպոս դառնալ․ պատկերացրեք՝ հայտնվում են իրավապաշտպան կազմակերպություններ ու ասում են, որ սա խտրական է, բայց սա եկեղեցական կանոն է»,- նշեց փաստաբանը։
Կաթողիկոսի կանոնական-իրավական դաշտում է հոգևորականին կարգալույծ հռչակելու վերաբերյալ տնօրինության ընդունումը․ «Հայաստանի վարչապետն իրավասու չէ եպիսկոպոս հռչակել կամ ազատել, չունի այդ իրավունքը, որքան էլ նա այդ մասին ֆեյսբուքյան ստատուս գրի»,- ասաց նա՝ ամփոփելով, որ հարկավոր չէ դատարանում իրավունքի հարց քննարկել, հարկավոր է դադարեցնել վարույթը։
«Սա իրականում պատմական մի դատ է լինելու։ Հիմա մենք բոլորս՝ մեղադրողները, պարոն Սարոյանը, նախ և առաջ մեր խղճի առաջ պատասխան ենք տալու»,- նշեց Զոհրաբյանը։
Միջնորդություններից պարզ դարձավ, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իրավապահները 5 հարց են ուղղել․ նրանք նախաքննության փուլում հոգևոր խորհրդի անդամներին, որպես վկա ներգրավելով, հետաքրքրվել են, թե արդյոք նրանք տեղյակ են եղել դատարանի որոշման վերաբերյալ, որ հոգևոր խորհուրդն իրավունք չունի Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասով որևէ որոշում կայացնելու, իսկ եթե տեղյակ չեն, ապա ինչպես են մեկնաբանում այն հանգամանքը, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ակտը քննարկվել է հոգևոր խորհրդի նիստում։
Կազմակերպություն
Թեմա











