Հայ հոգևոր առաջնորդները հանդիպել են Դոնալդ Թրամփին

Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հավաքական աղոթք հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում։
Կազմակերպություն
Անձ
Տեղադրություն











