Միացյալ Նահանգները շուրջ 1,4 մլն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին, հայտնում են Երևանում ԱՄՆ դեսպանատնից։
Աջակցությունը նախատեսված է սահմանների կառավարման կարողությունների ամրապնդման և սահմանապահ զորքերի արդիականացման համար։
Նվիրատվությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում։
Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ՝ Այրումի սահմանային անցակետի համար։
Ըստ հաղորդագրության՝ նոր սարքավորումները թույլ կտան մեծացնել Այրումի անցակետի թողունակությունը, ամրապնդել սահմանների կառավարման կարողությունները և նպաստել Սահմանապահ զորքերի արդիականացմանը։
ԱՄՆ աջակցությունը նպատակ ունի նաև ամրապնդել Հայաստանի սահմանապահ զորքերի կարողությունները՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվություն ստանձնելու պայմաններում։
Հաղորդագրությունում նշվում է, որ դա ներառում է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում սահմանների պահպանությունը։
ԱՄՆ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում ժամանակակից, պատշաճ հագեցվածությամբ և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը։
2024-ի օգոստոսից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, իսկ 2025-ի հունվարից Հայաստանի և Իրանի սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնում են հայկական սահմանապահները՝ փոխարինելով ռուս սահմանապահներին։
2025-ի հունվարից հայ սահմանապահները ռուս սահմանապահների հետ համատեղ ներգրավված են նաև Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի որոշ հատվածների պահպանության մեջ։












