Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը

Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում։

Ապիտոնյանը հայտնել է, որ ՏԿԵ նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա հույս է հայտնել, որ նշանակումը նոր թափ կհաղորդի նոր էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ ամերիկյան համապատասխան ընկերությունների հետ տարվող աշխատանքներին։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին և հետագա զարգացման հեռանկարներին։

Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ատոմակայանի տեխնոլոգիայի և հզորության ընտրության վերաբերյալ։

Հոկտեմբերի 1-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանին կարող է անհրաժեշտ լինել 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայան՝ նշելով, որ փոքր մոդուլային ռեակտորի հզորությունը կարող է բավարար չլինել։ Նա միաժամանակ ընդգծել էր, որ հարցը դեռ ուսումնասիրում են մասնագետները։

Ըստ վարչապետի՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտի ներդրումների արդյունքում Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի սպառումն այնքան կաճի, որ առանց լրացուցիչ խոշոր արտադրական հզորությունների երկիրը չի կարողանա էլեկտրաէներգիայի արտահանման նախկին հնարավորությունները պահպանել։

Հայ-ամերիկյան միջուկային համագործակցության շրջանակում 2026-ի փետրվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել էին խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության՝ այսպես կոչված «123 համաձայնագրի» բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036-ը՝ զուգահեռաբար նախապատրաստելով նոր էներգաբլոկի կառուցումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում