Արամ Ա-ն, ԱՄՆ Արևելյան թեմը, այլ եպիսկոպոսներ քննադատում են Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դատավարությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդը և թեմական խորհուրդը, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի թեմերի մի շարք եպիսկոպոսներ առանձին հայտարարություններով են հանդես եկել՝ օգոստոսի 7-ին նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դատավարությունից առաջ։
Արամ Ա-ն դատավարությունը գնահատել է որպես «անընդունելի և դատապարտելի»՝ նշելով, որ մշտական կապի մեջ է Գարեգին Բ-ի հետ և նույնիսկ առաջարկել է նրան անձամբ չներկայանալ դատարան՝ փոխարենը ներկայացուցիչ ուղարկելու տարբերակը դիտարկել։
«Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։ Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»,- նշված է Արամ Ա-ի հայտարարությունում։
Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և թեմական խորհուրդը տարածած հայտարարությունում ևս քննադատում է Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դեմ քրեական գործը։
«Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը»,- նշված է հայտարարությունում։
«21-րդ դարի հայ իրականության մեջ ամենաամոթալի դատավարություն»
Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը հայտարարել է, որ եկեղեցու կառավարման և կարգապահությանը վերաբերող հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոնական ընթացակարգերով, այլ ոչ թե աշխարհիկ դատարաններում, իսկ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը դատավարությունը բնութագրել է որպես «21-րդ դարի հայ իրականության մեջ ամենաամոթալի դատավարություն»՝ պնդելով, որ այն վնասում է Հայաստանի հեղինակությանը և հակասում եկեղեցու ինքնավարության սկզբունքին։
«Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը Հայ Առաքելական Եկեղեցին կը ճանչնայ իբրեւ Ազգային Եկեղեցի եւ կը հաստատէ անոր ինքնակառավարման իրաւունքը։ Այս պատճառով, Եկեղեցւոյ կառավարման, կարգապահութեան եւ առաջնորդութեան վերաբերող հարցերը պատշաճօրէն կը պատկանին Եկեղեցւոյ սեփական կանոնական կարգին։ Կը հաւատանք, որ եկեղեցական կառավարման հարցերը աշխարհիկ դատարաններու առջեւ ներկայացնելը հակասական է դարաւոր նախադէպերուն եւ Հայ Եկեղեցւոյ ինքնուրոյն կառավարման իրաւունքին սահմանադրական ճանաչման»,- նշված է հայտարարությունում։
Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի հայտարարությունում նշվում է, որ «Ցավալի է, որ Արցախի ողբերգական կորստից հետո սեփական սխալներն ընդունելու և ազգային համախմբում ձևավորելու փոխարեն, իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից և դրա փոխարեն թիրախավորում են այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայության վերջին և ամենահուսալի ապավենը»։
«Պատմությունը, այդ թվում՝ 20-րդ դարի տոտալիտար վարչակարգերի փորձը, վկայում են, որ Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամն ու ծանր հետևանքներ թողնում ժողովրդի վրա, որը ցավոք սրտի միշտ ստիպված է լինում վճարելու իշխանությունների վարչական և բարոյական սխալների համար»,- ասված է հայտարարությունում։
Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Սիրիա), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը (Գերմանիա) և Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը (Իրաք) համատեղ հայտարարությամբ նշել են, որ դատավարությունը «ցավ և մտահոգություն է առաջացնում» և կարող է հարցեր հարուցել կրոնական ազատության, իրավունքի գերակայության և եկեղեցու ինքնավարության պահպանման վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել խուսափել հասարակական պառակտումը խորացնող քայլերից և վերադառնալ կառուցողական երկխոսության։
«…ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը»,- ասված է հայտարարությունում։
. . .
Օգոստոսի 7-ին Վաղարշապատի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը։ Գործը վերաբերում է դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեղադրանքին, որը հարուցվել է Մայր Աթոռի և իշխանությունների միջև վերջին ամիսներին խորացած հակասությունների ֆոնին։
Դատավարության նախօրեին աջակցող հայտարարությամբ էր հանդես եկել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով հետ վերցնել Գարեգին Բ-ի դեմ առաջադրված մեղադրանքը։ ՀԲԸՄ-ն ընդգծել է, որ եկեղեցու առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է խորացնել հասարակական պառակտումը և վնասել Հայաստանի ժողովրդավարական ու միջազգային հեղինակությանը։
Թեմա
Տեղադրություն
Հասանելի է
english









