«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն «Միասնության թևեր»-ի արժեքները կիսող թեկնածուներ։
«Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։
Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։
Այսօր, դեռևս մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների, կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել։ Այն ուժի համար, որի գլխավոր ռեսուրսը ոչ թե մեծ բյուջեն է կամ վարչական լծակները, այլ ճշմարտությունն ու արժանապատվությունը, սա ազնիվ և լավ մեկնարկ է։
Արդարությունը գալիս է, միացե՛ք մեզ․ միասին կգտնենք խելամիտ լուծումներ մեր երկրի բոլոր խնդիրների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։












