«Ուժեղ Հայաստան» կուսակցության 11 անդամ բերման է ենթարկվել: Մեկ անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների թվում կան նաև կանայք:
«Սա փորձ է՝ քրեական գործիքակազմով փորձել վախեցնել մեզ, և այդպիսով խոչընդոտել մեր գործունեությանը: Սա նաև փորձ է իշխող ուժի համար, իբրև թե հիմքեր ապահովել, որպեսզի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը»,- ասել է Ղահրամանյանը:
Խոսնակը տեղեկացրել է, որ ավելի վաղ ահազանգեր էին ստացել այն մասին, որ իրավապահ մարմինները խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների համար՝ թույլ չտալով նրանց մոտենալ և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները: Ըստ Ղահրամանյանի՝ այդ ահազանգերից հետո փաստաբաններից մի քանիսին հաջողվել է մուտք գործել:
Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքը կապված է բարեգործական գործունեության արգելքի հետ: Սա նույն մեղադրանքն է, որն ավելի վաղ առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Ըստ Ղահրամանյանի՝ տեղի ունեցողը նույն գործելաոճի շարունակությունն է:
«Ամեն ինչ շատ պարզ է, նպատակները մեզ համար շատ հասկանալի են, բայց կրկնեմ՝ մենք կանգ չենք առնելու, մենք չենք վախենալու այս շինծու քրեական գործերից»,- շեշտել է Մարիաննա Ղահրամանյանը։












