Գլխավոր Լրահոս

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։

«ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:

Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց Եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:

Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։

Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում