Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանները, սակայն գործընթացի մեկնարկը կախված է թուրքական կողմից։ Այս մասին ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում CNN TÜRK-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նախարարը նշել է, որ որպես առաջնահերթություն քննարկվում է Ալիջանի անցակետը։ Տեխնիկական խմբերը շարունակում են նաև երկաթուղային կապի վերականգնման շուրջ աշխատանքները:
Խոսելով Մերձավոր Արևելքում լարվածության, Իրանի ու ԱՄՆ-ի միջև փխրուն հրադադարի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Կոստանյանն արձանագրել է, որ թեև այս պահին առևտրային առումով Հայաստանը լուրջ խնդիրների չի բախվում, երկարաժամկետ հեռանկարում ազդեցությունը կարող է շոշափելի լինել:
«Երկարաժամկետ հեռանկարում սա կարող է ազդել տարածաշրջանի բոլորի, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի վրա: Ուստի սահմանի բացումն այս համատեքստում շատ կարևոր է և կարող է նշանակալի ձեռքբերում լինել երկու երկրների համար՝ որպես կայունության տարր», - շեշտել է Կոստանյանը:
Անդրադառնալով դեռևս 2022-ին ձեռք բերված պայմանավորվածություններին (սահմանը դիվանագիտական անձնագիր կրողների և երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու վերաբերյալ)՝ Կոստանյանը փաստել է, որ գետնի վրա հայ-թուրքական հարաբերությունները մնում են նույնը, ինչ մեկ-երկու տարի առաջ:
«Մենք սպասում ենք, որ իրականացումը տեղի ունենա գետնի վրա»,- ասել է նա՝ նշելով նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հրամայականը։
«Եթե դա կախված լիներ միայն Հայաստանից, այս գործընթացը կարող էր ավարտված լինել դեռ երեկ։ Մենք պատրաստ ենք դրան և վճռական ենք՝ հասնելու Թուրքիայի հետ լիարժեք կարգավորման»,- ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը։
Խորհրդարանական առաջիկա ընտրությունները փոխնախարարը պատմական է որակել՝ դիտարկելով դրանք Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացման ֆոնին։
«Սրանք կլինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակաշրջանում անցկացվող առաջին խորհրդարանական ընտրությունները, ինչը բավականին հատկանշական է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին»,- ասել է Կոստանյանը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը և Բաքվի կողմից Սահմանադրության փոփոխության պահանջներին, Կոստանյանը վերահաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։
«Մենք իրավական ոչ մի խոչընդոտ չենք տեսնում համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Սահմանադրության հարցը մեր ներքին գործն է»,- ասել է նա։
Տնտեսական ու լոգիստիկ կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում փոխնախարարը կարևորել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցված տերմինաբանության պահպանումը։
«Այս համատեքստում որպես ճիշտ տերմինաբանություն մենք վկայակոչում ենք TRIPP-ը՝ «Խաղաղության և բարգավաճման միջազգային Թրամփի ճանապարհը»»,- նշել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմի հետ համատեղ իրագործելիության ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են, և մշակվում է ֆինանսավորման մոդել՝ միջազգային ներդրողներին ներկայացնելու համար:












