Գլխավոր Լրահոս

Անկարա-Բաքու սառնությունը և Երևանի «տաք» սպասումները

Անկարա-Բաքու սառնությունը և Երևանի «տաք» սպասումները

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող սառնությունն ու դրան զուգահեռ հայ-թուրքական շփումների ակտիվացումը հայաստանյան մեդիա, քաղաքական և փորձագիտական ոլորտներում չպետք է չափազանցված սպասումների և հեռուն գնացող եզրակացությունների հիմք դառնան։

Հաշվարկը, թե Երևանը կարող է օգտագործել Բաքու-Անկարա տարաձայնությունները և հասնել ինչ-ինչ ռազմավարական առավելությունների, ընդհուպ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանը, չի կարող լրջորեն քննարկվել։

Այդ տարաձայնությունները պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ադրբեջանի իշխանությունները կարծես փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից՝ տարածաշրջանում իրենց ինքնուրույն մանևրի հնարավորությունները ընդլայնելու և Թուրքիայի հետ հարաբերություններում «փոքր եղբոր» դերից դուրս գալու համար՝ գուցե նաև գերագնահատելով սեփական կարողությունները։ Սակայն ավելի ինքնուրույն դերի այս ձգտումն ու առանձին հարցերի շուրջ շահերի տարբերությունը դեռ չեն նշանակում ռազմավարական դաշինքի ճեղքում։

Այդ տարաձայնություններն ինքնաբերաբար չեն նշանակում, որ Հայաստանը կարող է դրանից օգտվել։

Խնդիրն այստեղ Թուրքիային դիվանագիտական խորամանկությամբ գերազանցելու հնարավորությունը չէ, այլ կողմերի ռեսուրսների, ազդեցության և ինստիտուցիոնալ փորձի անհամաչափությունը։ Կայսերական անցյալ և պետական կառավարման երկարատև ավանդույթ, մեծ տնտեսություն և տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է սթափ գնահատի իր հնարավորությունները։

Նման անհամաչափության պայմաններում փոքր պետության համար մշտապես առկա է ռիսկը, որ ուրիշների տարաձայնություններն օգտագործելու փորձն իրեն կարող է դարձնել գործիք այդ հարաբերություններում։

Արժե հիշել 2008 թվականին մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Հայ-թուրքական կարգավորման հեռանկարը Բաքվում լուրջ դժգոհություն առաջացրեց, սակայն գործընթացն այդպես էլ չհանգեցրեց սահմանի բացմանը։

Այդ փորձը կարելի է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ Անկարան Երևանի հետ մերձեցման հնարավորությունն օգտագործեց Բաքվի նկատմամբ իր բանակցային դիրքերն ուժեղացնելու համար, իսկ հետագայում գործընթացի սառեցումը վերածեց Ադրբեջանի հետ հարաբերություններում քաղաքական առավելության։

Սա, իհարկե, հնարավոր վարկած է, ոչ թե ապացուցված գործարքի նկարագրություն։

Հայաստան-Թուրքիա կարգավորման՝ 2009-2010 թթ. փակուղուց հետո Անկարան և Բաքուն ոչ միայն հաղթահարեցին առաջացած լարվածությունը, այլև ամրապնդեցին ռազմավարական համագործակցությունը։ 2010-ին ստորագրվեց ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության պայմանագիր, 2011-ին դրվեց STAR նավթավերամշակման գործարանի հիմնաքարը, իսկ 2012-ին կնքվեց TANAP-ի միջկառավարական համաձայնագիրը։ Հաջորդող տարիներին Թուրքիայում SOCAR-ի ներդրումային ներկայությունը զգալիորեն ընդլայնվեց՝ ընկերության 2020-ի հաշվետվության համաձայն հասնելով 16,5 մլրդ դոլարի։

Իհարկե, ադրբեջանական հետագա ներդրումների աճը Թուրքիայում ինքնին բավարար չէ պնդելու համար, թե դրանք հայ-թուրքական կարգավորման սառեցման դիմաց վճարված «գինն» էին։ Սակայն այդ փորձը կարևոր հարց է առաջադրում՝ Հայաստանի հետ կարգավորումն Անկարայի համար ինքնուրույն նպատա՞կ էր, թե՞ նաև Բաքվի հետ հարաբերություններում կիրառվող քաղաքական լծակ։

Հայաստանի համար այսօրվա դասը Թուրքիայի հետ երկխոսությունից հրաժարվելը չէ։ Այն անհրաժեշտ է շարունակել՝ հնարավորությունները գնահատելով կոնկրետ քայլերով ու արդյունքներով։ Բայց գերռիսկային կլինի քաղաքական հաշվարկը կառուցել այն ենթադրության վրա, թե Բաքու-Անկարա տարաձայնություններն անպայման ճանապարհ են բացելու Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման համար։

Պետք է հաշվի առնել նաև և կշեռքի նժարներին դնել Բաքվի ու Երևանի կարևորությունը Անկարայի համար։ Եթե նկատի ունենանք «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով Ադրբեջանն ու Թուրքիան իրար կապող հազարավոր թելերը, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի, և Թուրքիայի վերջնական ընտրության պատկերը կդառնա ավելի պարզ՝ առանց ավելորդ հարցերի ու անհարկի հույսերի։

Երևանի խնդիրը կարգավորման գործընթացն առաջ մղելն է՝ միաժամանակ նվազեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտրի առարկա դառնալու նշմարվող հավանականությունը։ Հակառակ դեպքում կարող ենք կրկնել նախկին փորձը՝ սահմանի բացման ակնկալիքով ներգրավվել մի գործընթացում, որի հիմնական շահաբաժինները կստանան ուրիշները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում