ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի հուսալի և կայուն խաղաղության Հարավային Կովկասում: Այս մասին կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չենք թուլացնում։ Այնտեղ, ինչպես երևում է, շարունակվում են կայուն խաղաղության և կայունության որոնումները։ Արձանագրում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված երկու երկրների միջև միջպետական համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ուղի է դեպի Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն»,- նշել է Թաալաթբեկ Մասադիկովը։
***
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։
Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։











