ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվի Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կալլաս

Լուսինե Վարդանյան
«Այսօր կքննարկենք Հայաստանի համար Եվրամիության նոր առաքելությունը»․ այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ապրիլի 21-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ՝ անդրադարձավ Հայաստանի վերաբերյալ հարցին։ Լյուքսեմբուրգում մեկնարկած հանդիպման օրակարգի կետերից է Հարավային Կովկասը։
Ապրիլի 15-ին մեդիայում հայտնվեցին հրապարակումներ, որ Եվրամիությունը Հայաստան կուղարկի քաղաքացիական նոր առաքելություն։ ՍիվիլՆեթի բրյուսելյան աղբյուրը հայտնել էր, որ այն չի ունենա նույն բնույթը, ինչ ընտրություններին ընդառաջ Հայաստան ուղարկված հիբրիդային արագ արձագանքման թիմը։
Կայա Կալասը նշեց, որ ԵՄ-ի համար «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է»։
Մինչև հանդիպումը լրագրողների հետ զրուցեց նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Նա ասաց, որ ԵՄ-ն խոցելի է, երբ հյուսիսային առևտրային ուղիները խաթարվում են Ռուսաստանի պատճառով, և երբ հարավային ուղիները խաթարվում են Իրանում պատերազմի հետևանքով։
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչքան կարևոր և ճիշտ էր սևծովյան նոր ռազմավարությունը: Այս ռազմավարության մաս էր կապակցվածության օրակարգը, որի միջոցով մենք զարգացնում ենք գործընթացները Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ Եվրոպան ավելի լավ կապելու Կենտրոնական Ասիայի հետ։ Խոսքը վերաբերում է առևտրին, էներգետիկային»,- նշեց Մարտա Կոսը։
Մարտա Կոսը և Կայա Կալասը անդրադարձան նաև Հունգարիայի ընտրությունների արդյունքի դրական ազդեցությանը՝ նշելով, որ «վաղը կընդունվեն որոշ դրական որոշումներ՝ Ուկրաինայի ֆինանսավորման 90 միլիարդ եվրո վարկի վերաբերյալ»։
Հունգարիայում ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթանակ էր տարել Վիկտոր Օրբանի նկատմամբ։ Օրբանը ամիսներ շարունակ իր վետոներով արգելափակում էր ԵՄ որոշումները, այդ թվում՝ 90 միլիարդ եվրո վարկը։
Հանդիպման օրակարգի հարցերից է նաև Մերձավոր Արևելքը։ Լիբանանի վարչապետը կմիանա արտգործնախարարներին՝ քննարկելու Իսրայելի հետ բանակցությունները և Լիբանանում աջակցության կարիքը։
Տեղադրություն
Հասանելի է
русский










