«Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ տասնամյակներ անավարտ մնացած կառույցի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 23-ին նիստին։
Գերակա շահ ճանաչված շուրջ 1,8 հեկտար տարածքում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։ Ծրագիրն իրականացնելու է «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունը, որի հետ Երևանի քաղաքապետարանը համապատասխան պայմանագիրը կնքել է 2026-ի մարտի 18-ին։ Կառուցապատողը պարտավորվել է ապահովել տարածքի իրացումն ու նոր մշակութային կառույցների ստեղծումը։
Սեփականության օտարման դիմաց քաղաքացիներին կվճարվի գույքի շուկայական արժեքը՝ գումարած 30 տոկոս հավելավճար։ Ընկերությունը պարտավոր է փոխհատուցել նաև հաշվառված ինքնակամ շինությունների համար։ Եթե ներդրողը սահմանված ժամկետներում չկատարի իր պարտավորությունները, համայնքն իրավունք կունենա հողատարածքը ներկայացնել բաց աճուրդի։
Նախագծի հիմնական նպատակն է կյանքի կոչել Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտահղացումը և ամբողջական տեսքի բերել Կասկադը մինչև Ազատության պողոտա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Անտառային փողոցին հարող հատվածների կանաչապատում և ժամանակակից մշակութային միջավայրի ձևավորում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պետական կամ համայնքային բյուջեների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի դնում։ Բոլոր ծախսերն իրականացվելու են մասնավոր ներդրումների հաշվին։











