Գլխավոր Լրահոս

Առաջիկայում կշարունակվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը․ Փաշինյան

Առաջիկայում կշարունակվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը․ Փաշինյան

Առաջիկայում կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 27-ին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։

Փաշինյանն արձանագրել է, որ շուրջ երկու տարի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի 12 կիլոմետրանոց հատվածը սահմանազատված է (Տավուշի մարզ), այնտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը: 

«Այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների, և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ՝ պայուսակների մեջ դրած»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ իրենց նխատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության  սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Վարչապետի ընկալմամբ՝ սահմանապահ զորքերը խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ մեծ հավանականությամբ, կամ դեպքերի մեծամասնությամբ, այդ սահմանին տիրում է խաղաղություն: 

«Երբ ասում ենք, որ սահմանը կսահմանազատվի, կսահմանագծվի՝ մեր ցանկությունն է, որ մեր բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում: Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակն իր ծառայության մեծ մասը անց է կացնում խրամատներում»,- ասել է վարչապետը:

**

2024-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում): Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն ստորագրեցին:

Սահմանազատումից հետո Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: Նիկոլ Փաշինյանը սահմանազատումից հետո պարբերաբար այցելում է Կիրանց՝ ցույց տալու, որ Կիրանցում «անվտանգ է»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները պարբերաբար հանդիպումներ են ունենում, որոնցում քննարկում են սահմանազատման հետ կապված հետագա աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում