Հայաստանի տնտեսությունը մարտին աճել է, արտաքին առևտրը` նվազել

2026-ի մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցել է 6,6% հավելաճ՝ հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտների շնորհիվ, թեև նույն ժամանակահատվածում երկրի արտաքին առևտրաշրջանառությունը նկատելի անկում է ապրել:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ մարտին տնտեսական անտիվությունն ավելի ցայտուն է դարձել նախորդ ամսվա՝ փետրվարի համեմատ, որի նկատմամբ արձանագրվել է 11,6% աճ:
Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 24%-ով: Դրական դինամիկա են ապահովել նաև ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը՝ գրանցելով համապատասխանաբար 7,8% և 7% աճ, մինչդեռ ներքին առևտրի շրջանառությունը մնացել է գրեթե անփոփոխ՝ ավելանալով ընդամենը 0,2%-ով: Միևնույն ժամանակ, վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ սպառողական շուկայում գնաճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 4,5%:
Չնայած ներքին տնտեսության կայունությանը, արտաքին տնտեսական հատվածում մարտ ամիսն աչքի է ընկել ցուցանիշների նվազմամբ: Գարնան առաջին ամսին արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա մարտի համեմատ կրճատվել է 6,8%-ով՝ կազմելով շուրջ 1,5 մլրդ դոլար: Անկումն արձանագրվել է և՛ արտահանման, և՛ ներմուծման ուղղություններով:
Մասնավորապես, արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 12,6%-ով՝ հասնելով 564 մլն դոլարի, իսկ ներմուծումը կրճատվել է 3,2%-ով՝ կազմելով 1 մլրդ դոլար: Նախորդ ամսվա՝ փետրվարի համեմատ առևտրային ցուցանիշների նվազումն էլ ավելի ընդգծված է եղել. ընդհանուր առևտրաշրջանառությունը կրճատվել է 13,1%-ով, ընդ որում արտահանումը կրճատվել է 19,9%, իսկ ներմուծումը՝ 8,7%-ով:
Այնուամենայնիվ, մարտ ամսվա այս անկումը չի խարխլել տարվա առաջին եռամսյակի ընդհանուր դրական պատկերը: 2026-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,7 մլրդ դոլար՝ 4,6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին եռամսյակում արտահանումն աճել է 4,5%-ով՝ հասնելով 1,76 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 4,6%-ով՝ հասնելով 2,9 մլրդ դոլարի:











