Գլխավոր Լրահոս

Վերաարտահանո՞ւմ, թե՞ տեղական արտադրություն. Հայաստանի ծաղիկներն ու իշխանը ՌԴ շուկայում

Վերաարտահանո՞ւմ, թե՞ տեղական արտադրություն. Հայաստանի ծաղիկներն ու իշխանը ՌԴ շուկայում

Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտը ապրիլի 2-ին հայտարարել է, որ Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղատնտեսական և կենդանաբանական արտադրանքի ծավալները հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք ամբողջությամբ չէ, որ հայկական ծագում ունեն։ 

«Օրինակ՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումն ավելացրել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Աճ է գրանցվել նաև այլ տեսակի արտադրանքների գծով»,- պնդել է նա։

Նա նաև կասկածի տակ է դրել իշխան ձկան ծագումը՝ նշելով, որ «Հայաստանի լեռնային գետերի իշխանը որևէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին»։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գործում է շուկաներ մուտք գործելու դյուրացված կարգ, սակայն ապրանքների ազատ տեղաշարժը հնարավոր է միայն «ԵԱՏՄ ծագման» հավաստման դեպքում։

Նշենք, որ նման մտահոգություններ ռուսական կողմից պարբերաբար են հնչում։ 2025 թվականի հունիսի 16-ին «Ռոսսելխոզնադզորից» ևս հայտարարել էին, որ մտադիր է դադարեցնել ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից։ 

#CivilNetCheck-ը վերլուծել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տրամադրած 2023–2025 թվականների ներկրման և արտահանման վիճակագրական տվյալները՝ պարզելու այս պնդումների հիմնավորվածությունը, ինչպես նաև ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ ծաղկի և ձկան արտադրության տվյալները։

Ծաղկի շուկա. ներկրում, արտահանում

ՍԱՏՄ վերջին տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան ծաղկի արտահանումը 2023–2025թթ. ընդհանուր առմամբ աճել է, թեև առանձին տարիների միջև նկատվում են տատանումներ։

Հայաստանում պաշտոնական վիճակագրության մեջ կիրառվում են երկու տարբեր չափման ցուցանիշներ՝ կախված ծաղկի տեսակից։ Միաժամանակ «Ռոսսելխոզնադզորը» հաշվառումը կատարում է հիմնականում հատերով՝ ԵԱՏՄ ֆիտոսանիտարական կանոնակարգերի համաձայն։

#CivilNetCheck-ին տրամադրված պաշտոնական տվյալների համաձայն՝

2023-ին ՌԴ է արտահանվել մոտ 56.5 միլիոն հատ ծաղիկ, ինչպես նաև 103.2 տոննա այլ ծաղկային արտադրանք։ 2024-ին արտահանվել է մոտ 71.3 միլիոն հատ ծաղիկ և 566 տոննա իսկ 2025-ին արտահանվել է մոտ 65.3 միլիոն հատ և 979.1 տոննա։

Միաժամանակ ներմուծման ծավալները զգալիորեն զիջում են արտահանմանը․ օրինակ՝ 2024-ին Հայաստան ներկրվել է ընդամենը 519 հազար հատ և 31 տոննա ծաղիկ, մինչդեռ արտահանվել է ավելի քան 71.3 միլիոն հատ և 566 տոննա։ Ըստ էության, Հայաստանից արտահանվող ծաղիկների քանակը տասնյակ անգամներ գերազանցում է ներկրվող քանակին։

Որքան ծաղիկ է արտադրվել Հայաստանում 

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում ծաղկի արտադրությունը վերջին տարիներին կտրուկ աճել է։

2023-ին մոտ 196 հա տարածքից ստացվել է շուրջ 105.8 միլիոն հատ ծաղիկ։ 2024-ին՝ 235 հա տարածքում գրանցվել է մոտ 154.4 միլիոն հատ ծաղկի համախառն բերք, իսկ 2025-ին՝ 306 հա տարածքում՝ շուրջ 230.7 միլիոն հատ ծաղիկ։ Ընդ որում, արտադրության գերակշիռ մասը՝ ավելի քան 200 միլիոն հատ, ապահովվել է ջերմոցային տնտեսությունների կողմից։

Ընդամենը երեք տարում արտադրության ծավալներն ավելացել են ավելի քան կրկնակի։

Իշխան ձուկ. որքանո՞վ է հիմնավոր վերաարտահանման կասկածը

Ռուսական կողմը կասկած էր հայտնել նաև, թե ՌԴ արտահանվող հայկական իշխանը «նման է նորվեգականին»։  

Ըստ ՍԱՏՄ պաշտոնական տվյալների՝ 2024-ին Հայաստանից ՌԴ արտահանվել է մոտ 8.6 հազար տոննա իշխան ձուկ, իսկ 2025-ին՝ մոտ 8.4 հազար տոննա։ Նույն ժամանակահատվածում երրորդ երկրներից (Իրան, Նորվեգիա, Վրաստան) Հայաստան ներմուծվել է մոտ 1050 տոննա (2024) և 980 տոննա (2025)։

Ի տարբերություն ծաղիկների, այստեղ ներմուծման ծավալը կազմում է ՌԴ արտահանման մոտ 10–12%-ը, ինչը նշանակում է, որ տեսականորեն ներմուծված ծավալի մի մասը կարող է ներգրավված լինել վերաարտահանման շղթայում։ 

Միաժամանակ, տվյալները հուշում են, որ արտահանման զգալի մասը ձևավորվում է տեղական արտադրության հաշվին։ Ներմուծման կառուցվածքը ևս ցույց է տալիս, որ նորվեգական ծագման ձուկը կազմում է համեմատաբար փոքր բաժին։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ)՝ 2025-ին ձկնորսության և ձկնաբուծության ընդհանուր ծավալները հանրապետությունում կազմել են շուրջ 28 000 տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ մոտ 3.7% աճ է։ 2024-ին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 27 000 տոննա։

Փաստացի, արտադրության ընդհանուր ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանման մակարդակը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ արտահանումը հիմնականում հիմնված է տեղական արտադրության վրա։

Այսպիսով, առկա պաշտոնական տվյալները չեն հաստատում, որ Հայաստանը համակարգային կերպով վերաարտահանում է այլ երկրների ծաղիկներ կամ իշխան ձուկ դեպի Ռուսաստան։ Ծաղիկների դեպքում արտահանման ծավալները բազմակի գերազանցում են ներմուծմանը, իսկ արտադրության աճը համադրելի է արտահանման դինամիկայի հետ։ Իշխան ձկան պարագայում ներմուծումը կազմում է համեմատաբար փոքր բաժին, իսկ ընդհանուր արտադրության ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանման մակարդակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում