Լուսինե Վարդանյան
Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց և պատանդների «անարդար կալանքը», պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ խորհրդարանն ապրիլի 30-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ներառող բանաձև (կողմ՝ 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48):
Խորհրդարանը նաև վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Խորհրդարանը նաև կոչ է անում պատասխանատվություն սահմանել մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
Խորհրդարանն աջակցում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված խաղաղության, հաշտեցման և Ադրբեջանի հարաբերությունների լիարժեք կարգավորմաննը։ «Ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգման վրա»։
Հայաստանի տարածքով տարանցիկ կապերը խորհրդարանը համարում է Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու գործիք, որը կհարգի Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
Սա Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակացող առաջին բանաձևը չէ։ 2025-ին այն Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։
2024-ին խորհրդարանը ընդունել էր Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև, որում նաև այն ժամանակ 23 հայ գերիների անհապաղ ազատ արձակման մասին հիշատակում կար։
Առհասարակ, Եվրոպական խորհրդարանը Եվրամիության կառույցներից միակն է, որ շարունակում է ակտիվ պահել հայ գերիների և արցախահայության վերադարձի թեմաները։ Այն բազմաթիվ հարցերում ավելի կոշտ դիրքորոշում ունի Ադրբեջանի նկատմամբ։
Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, սակայն, իրավական պարտադիր ուժ չունեն։ Դրանք արտացոլում են խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը, բայց կարող են ունենալ քաղաքական կշիռ և նպաստել ԵՄ քաղաքականության ուղղության ձևավորմանը։
Ադրբեջանն արձագանքել է Եվրախորհրդարանի այս բանաձևին՝ հայտարարելով կառույցի հետ հարաբերությունների դադարեցման պաշտոնական որոշման հնարավորության մասին։ Պատճառը, ըստ Բաքվի, Եվրախորհրդարանի «կողմնակալ դիրքորոշումն է»։












