Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Գործընթացի նպատակն է 2026-ի ընտրություններից հետո ձևավորված նոր իրողությունների պայմաններում հստակեցնել Արցախի հարցի և Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումները։
«Կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի»,- գրել է Իսկանդարյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակման հարցը չի կարող մնալ ենթադրությունների կամ քաղաքական լռության տիրույթում, և եթե որևէ ուժ կարծում է, որ գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, հրապարակային և քաղաքական պատասխանատվությամբ։
«2026-ի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։
Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ»,- գրել է նա։
Նա վստահեցրել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են բաց երկխոսության, չեն նախաձեռնում այս գործընթացը որևէ ուժի դիրքորոշումը կանխորոշելու համար, այլ ցանկանում են լսել բոլոր կողմերին և ստեղծված պայմաններում ձևավորել պատասխանատու համագործակցության շրջանակ։












