Լռություն Առաջինի եթերում. ինչպես Հանրայինը շրջանցեց Արցախի հայաթափման տարելիցի թեման

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Media.am-ում
Սեպտեմբերի 19-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի հայաթափման տարելիցը։
3 տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը «հակաահաբեկչական գործողության» անվան տակ 9-ամսյա ապօրինի շրջափակումից հետո լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղում։
Մեկօրյա պատերազմի արդյունքում արցախյան կողմն ունեցավ 223 զոհ, որոնց թվում էին քաղաքացիական անձինք և երեխաներ։ 100 000-ից ավելի հայ բնակիչ բռնի տեղահանվեց։
Հայկական լրատվամիջոցները պատերազմից 3 տարի անց տարբեր հրապարակումներով և տեսանյութերով անդրադարձան թեմային, ընդ որում՝ ինչպես առցանց մեդիան (1,2,3), այնպես էլ հեռարձակվող ընկերությունները (1,2,3)։
Սակայն Հանրային հեռուստատեսության լրատվական բաժինը՝ Առաջինի լրատվական ալիքը չի անդրադարձել թեմային։ Սեպտեմբերի 19-ին լրահոսում ո ՛չ հետահայաց նյութեր են հրապարակվել, ո ՛չ էլ լուսաբանվել թեմայի հետ կապված օրվա ընթացքում կայացած միջոցառումները (օրինակ, քաղաքացիների երթը դեպի Եռաբլուր, արցախցի գործիչների հայտարարություններ)։
Ինչ վերաբերում է Հանրայինի գլխավոր լրատվական հաղորդմանը՝ «Լուրերին», ապա այս դեպքում նույնպես սեպտեմբերի 19-ի թեման անտեսվել է։
Ժամը 13։00-ի թողարկման ժամանակ Արցախի հայաթափմանը միակ անդրադարձը տեղի է ունեցել «ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ» ռեպորտաժի ընթացքում, որտեղ Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Սերապ Գյուլերը Նիկոլ Փաշինյանին ուղղված գովեստի խոսքում հիշատակել է, որ 2023-ի սեպտեմբերին էր, որ Ադրբեջանը ռազմական վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղն ու հաջորդող օրերին 100 հազարից ավելի հայեր հեռացան ԼՂ-ից․ «Մարդիկ այնտեղ թողեցին իրենց կյանքը, թաղամասերը, եկեղեցիները։ Այնտեղ թողեցին իրենց ազգականների գերեզմանները։ Հայ հասարակության համար սա հերթական տրավման էր։ Էլի շատ հեշտ կլիներ այդ ցավը վերածել քաղաքական կապիտալի։ Քաղաքական մեծ ճնշում կար երկրում, բայց դուք որոշեցիք այլ ճանապարհով գնալ։ Որոշեցիք քաղաքական պատասխանատվություն վերցնել Հայաստանի նոր ապագայի համար»,- ասել է գերմանացի պաշտոնյան։
Թողարկման մյուս ռեպորտաժներում լուսաբանվել են միջազգային իրադարձությունները, Հայաստանում ավանդների աճը և ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգը Վանաձորում։
Ժամը 17։00-ի թողարկմանը ռեպորտաժներ են նվիրվել վերջին տասը տարում ավանդների ծավալի քառապատկմանը, Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին, Դոնալդ Թրամփի 25 ձեռբերումների ցանկին և այլ միջազգային լուրերի, սուբվենցիոն ծրագրերին, արտասահմանյան ԶԼՄ-ներում Հայաստանի մասին անդրադարձերին և այլն։
Ժամը 21:00-ի գլխավոր թողարկումը վերնագրվել է «Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը»: Եթերում կրկին տեղ են գտել ավանդների աճին, սուբվենցիոն ծրագրերին և Դոնալդ Թրամփի ձեռքբերումների ցանկին վերաբերող թեմաները։ Թողարկման ընթացքում քննարկվել են Անկախության տոնին նվիրված՝ Վանաձորում արդեն կայացած և Գյումրիում ու Երևանում սպասվող համերգները։ Հաղորդումը եզրափակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան կենտրոնի բացմանը կատարած այցի լուսաբանմամբ։
Այսպիսով, Հանրային հեռուստատեսության լրատվական բաժինն ամբողջ օրվա ընթացքում շրջանցել է Լեռնային Ղարաբաղի հայաթափման երրորդ տարելիցի թեման։ Մինչ այլ լրատվամիջոցները քննարկում էին 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանման փաստը և հետևանքները, հանրային հեռարձակողի եթերում առաջնայինը մնացին պաշտոնական այցերը, տոնական նախապատրաստությունները ու տնտեսական ցուցանիշները՝ փաստացի լռության մատնելով հանրության համար առանցքային իրադարձության տարելիցը։
Հասանելի է
english










