Արցախի հայաթափման տարելիցին երթ է անցկացվել դեպի Եռաբլուր

«Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով Երևանում անցկացվել է «Հիշատակի օր» խորագրով երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ։
Սեպտեմբերի 19-ը Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օրն է։ 2023-ի սեպտեմբերի 19-ին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանը և Արցախի հայաթափմանը։
Եռաբլուրում երթի մասնակիցները հրապարակել են միջազգային հանրությանն ուղղված նամակ-խնդրագիր՝ ներկայացնելով չորս պահանջ։
Դատապարտել հայության նկատմամբ Ադրբեջանի՝ ավելի քան 100 տարի շարունակվող ցեղասպանական քաղաքականությունը։
Միջազգային իրավական ակտերի շրջանակում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունների համար։
Ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։
Միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման կատարումը։
Նամակ-խնդրագիրը ստորագրել են Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Այն նախատեսվում է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին։
Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել «Արցախի կանչը» հուշակոթողին։
Թեմա











