Բաքուն փորձում է «գիտական ալբանիզացիայի» կեղծ թեզը տեղափոխել Հայաստանի տարածք․ քաղաքագետ

Ադրբեջանում գործող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարել է «աշխատանքային խմբի» ստեղծման մասին, որի նպատակն է Հայաստանի տարածքում՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում գտնվող հայկական քրիստոնեական վանքերը, եկեղեցիներն ու խաչքարերը «ուսումնասիրել» որպես «կովկասյան աղվանական ժառանգություն»։
Բաքուն այս նախաձեռնությունը կապում է սեպտեմբերին օտարերկրյա դիվանագետների՝ Գանձասար կատարած այցի հետ՝ նշելով, որ մշակութային ժառանգության թեման մտել է միջազգային դիվանագիտական օրակարգ։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Գանձասարի միջադեպից հետո Բաքուն փորձում է «գիտական ալբանիզացիայի» կեղծ թեզը տեղափոխել Հայաստանի տարածք՝ չեզոքացնելով Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ հայկական դիրքորոշումները։
«Նրանք փորձելու են նմանատիպ ճնշմամբ հասնել Հայաստանի դիրքորոշումների կամ տեսակետների փոփոխությանը այս հարցում, ինչպես. նաև միջազգային հանրության մոտ ձևավորել այս կեղծ հավասարության պատկերը։ Երբ ամեն անգամ հայկական կողմը կամ Հայաստանում ինչ-որ դերակատարներ բարձրացնեն Արցախում քրիստոնեական ժառանգության թեման, նրանք կկարողանան հենց օգտագործել այս խոսույթը այդ մոտեցումները չեզոքացնելու համար»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ դիվանագետներ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին հայաթափված Արցախ։
Այցի ընթացքում Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:
Քաղաքագետի համոզմամբ, Բաքվի համար գրգռիչ էր նաև Հայաստանի վարչապետի և ԱԺ նախագահի արձագանքը՝ Գանձասարի հայկականության վերաբերյալ։ Անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրապետությունը Մատենադարանի տնօրենի միջոցով արձանագրել է Գանձասար վանական համալիրի հայկական ծագումը։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ անհիմն էր համարել Հաջիևի պնդումը, թե Գանձասարն աղվանական է։
Գրիգորյանի խոսքով՝ Բաքվի տեսանկյունից, եթե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է ընդհանրապես չարտահայտվեր այս հարցում։
«Այս ողջ միջադեպը և դրան հետևած էսկալացիան, կարծում եմ, բավականին լուրջ լարվածություն են մտցնելու նաև երկկողմ հարաբերությունների ու երկկողմ բանակցությունների այլ օրակարգերում»,- նշել է Գրիգորյանը։
Ադրբեջանում այսօր նաև հիշել են, թե 6 տարի առաջ Քարվաճառից հայկական ուժերի հեռանալու ժամանակ Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր։ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայկական կողմին մեղադրել է դրանք արտերկրում որպես հայկական արվեստի գործեր ներկայացնելու մեջ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող այն գույքը, որը հնարավոր էր տեղափոխել Հայաստան, պետք էր տեղափոխել, քանի որ այն ազգային հարստություն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ էլ, Բաքվի նման հայտարարությունները Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետևանքն են։ Ադրբեջանը հայկական ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնում է աղվանական կամ ալբանական, որպեսզի խուսափի էթնիկ զտման պատասխանատվությունից և այն ամենից, ինչ իրականացրել է Արցախում։
«Դրա համար փորձում է վերացնել հայկական հետքը և ցույց տալ, թե Արցախը երբեք հայկական չի եղել»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է Սաղաթելյանը։
Բաքուն նաև կասկածի տակ է դրել Դադիվանքում հայկական կողմի իրականացրած վերականգնողական աշխատանքները՝ դրանք ներկայացնելով որպես համալիրի սկզբնական տեսքը փոխած աշխատանքներ։
Կազմակերպություն











