Գլխավոր Լրահոս

«Տարածքային հավակնություն է». Բաքուն մեղադրում է Վրաց պատրիարքարանին՝ Սուրբ Գևորգ տաճարի հարցով

«Տարածքային հավակնություն է». Բաքուն մեղադրում է Վրաց պատրիարքարանին՝ Սուրբ Գևորգ տաճարի հարցով

Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Գևորգ (Քուրմուխի) եկեղեցում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատրիարքարանի մոտեցումը որակել է որպես տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։

Վրաց պատրիարքարանի հայտարարության համաձայն՝ թեև Քուրմուխիի տաճարն այսօր գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն հանդիսանում է Վրաստանի և վրաց եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանը։ Վրացական կողմը նշել է, որ ադրբեջանական պետական գերատեսչություններից որևէ տեղեկություն չի ստացել տաճարում և հարակից տարածքում ընթացող աշխատանքների վերաբերյալ, որոնց մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և լուսանկարներից։ Պատրիարքարանը շեշտել է, որ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքները բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց նպատակների, հետազոտական հիմքերի և իրականացնողների վերաբերյալ՝ առաջարկելով Վրաստանի պետական կառույցներին ներգրավվել գործընթացում, պաշտոնական տեղեկատվություն հայցել և ապահովել վրաց մասնագետների մասնակցությունը։ Քուրմուխիի Սուրբ Գևորգ տաճարը Վրաց եկեղեցու Կախիի և Քուրմուխիի թեմի երկրորդ առաջնորդանիստ եկեղեցին է, որը գտնվում է Գախի (վրացերեն՝ Կախի) քաղաքի մոտակայքում՝ պատմական Էրեթի/Սաինգիլո շրջանում, և նախկինում ևս եղել է վեճերի առարկա երկու երկրների միջև։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Վրաց պատրիարքարանի հայտարարությունը, նշել է, որ այն հակասում է երկու երկրների միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ոգուն։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե անընդունելի է իր տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը, և պատրիարքարանի մոտեցումը որակել է որպես տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաց պատրիարքարանին զերծ մնալ նման դիրքորոշումից, «չկրկնել Հայ Եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները հանդիսանում են ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը։


Սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ դիվանագետներ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին հայաթափված Արցախ։

Այցի ընթացքում Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:

Պաշտոնական Երևանը վարչապետի և ԱԺ նախագահի մակարդակով արձագանքել է, որ Բաքվից հնչող նման հայտարարություններն անհիմն են, իսկ Գանձասարը հայկական է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում