ՀՀ-ն արձանագրել է Գանձասար վանական համալիրի հայկական ծագումը․ վարչապետ

Հայաստանի հանրապետությունը Մատենադարանի տնօրենի միջոցով արձանագրել է Գանձասար վանական համալիրի հայկական ծագումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ դիվանագետներ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին հայաթափված Արցախ։
Այցի ընթացքում Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:
«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն՝ մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ Հայաստանի հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի վանական համալիրի հայկական ծագումը»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անիմաստ է համարում նպատակադրումը՝ Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարի համալիրը հայկական է։
«Անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Դա մեզ համար ոչ մի բան չի փոխում և չի փոխելու»,- ասել է վարչապետը։











