ՍիվիլՆեթի հետ զրույցում Արթուր Ավանեսյանի (Կանդազ) փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ, չնայած պաշտպանական թիմի հորդորներին, Ավանեսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, նախկին հետախույզ Արթուր Ավանեսյանը ապրիլի 28-ին երկու ամսով կալանավորվել է։ Կալանավորումից հետո Ավանեսյանը հացադուլ հայտարարեց։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից մեկը 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակներով կաշառք տալու խոստումներ է տվել, որոնք ընդունվել են։
Հրապարակված ձայնագրություններում, ըստ իրավապահների, Արթուր Ավանեսյանը զրուցում է Արցախի բարբառով խոսող տղամարդու հետ՝ քննարկելով կուսակցության ծրագրերը, նշելով, որ ընդդիմության իշխանության գալուց հետո վիճակը կբարելավվի և խոսելով որոշ միջոցառումների մասնակցության մասին։
Արամ Վարդևանյանը, սակայն, պնդում է, որ հրապարակված ձայնագրություններն ամբողջական չեն։
«Այն, ինչը հրապարակվել է, ամբողջական չէ։ Նախաքննական գաղտնիքի ռեժիմն է գործում, ուստի ավելին չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ ներկայացվածը ամբողջական պատկերը չի տալիս»,- ասաց նա։
Վարդևանյանի խոսքով՝ այդ խոսակցությունը տեղի է ունեցել ապրիլից զգալիորեն առաջ, մինչդեռ քրեական վարույթը հարուցվել է միայն ապրիլի սկզբին։
«Իսկ ապրիլի 27-ին արդեն ներկայացվել է կալանքի միջնորդություն՝ այն դեպքում, երբ այդ ընթացքում որևէ ոչ պատշաճ վարքագիծ չի արձանագրվել»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանը կալանավորումը համարում է ապօրինի՝ ընդգծելով, որ դատարանը բավարար կերպով չի հիմնավորել «հիմնավոր կասկածի» առկայությունը։
«Մեր կողմից ներկայացված հակափաստարկները դատարանը չի վերլուծել։ Փաստացի մեխանիկորեն ընդունվել է հիմնավոր կասկածի առկայությունը՝ առանց անհրաժեշտ պատճառաբանության»,- ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մուտքագրվել է։
ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվել Ավանեսյանի մասնակցությամբ (ցուցմունք, առերեուսմ և այլն) Վարդևանյանը պատասխանեց, որ որևէ գործողություն չի կատարվել։
Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանը չի արձանագրել թաքնվելու կամ նոր հանցանք կատարելու վտանգ, սակայն այնումամենայնիվ կիրառել է կալանք՝ հղում անելով միայն քննությանը խոչընդոտելու հավանականությանը։
«Սահմանադրական դատարանը դեռ 2019-ին արձանագրել է, որ նման ռիսկը կարող է չեզոքացվել գրավով։ Այսօր կան նաև այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն, բայց դատարանը ընտրել է ամենախիստ միջոցը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ առկա այլընտրանքային խափանման միջոցների պայմաններում կալանքի ընտրությունը կարող է վկայել այլ նպատակների՝ քաղաքական հետապնդման մասին։
Ըստ Վարդևանյանի՝ ձայնագրությունների մեջ հնչած խոսքը աշխատատեղերի, հողի և բնակարանի ապահովման մասին է, որը ներկայացվում է հռչակագրային ձևով՝ ինչպես ընդունված է նախընտրական շրջանում։
«Այդ ամենը ներկայացնել որպես ընտրակաշառք՝ առանց կոնկրետության, առնվազն խնդրահարույց է»,- ասաց Վարդևանյանը։












