Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հայաստան են ժամանում եվրոպական տասնյակ երկրների առաջնորդներ: Բարձրաստիճան հյուրերի թվում են եվրոպական երկրների վարչապետներ, նախագահներ և միապետներ, որոնք հավաքվում են, որպեսզի մայիսի 4-ին քննարկեն մայրցամաքի անվտանգությանն ու տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կառավարությունների ղեկավարների մակարդակով մայիսի 3-ին Հայաստան են ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը, Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
Եվրոպական քաղաքական համայնքը հանդիսանում է միջկառավարական հարթակ, որի նպատակն է խթանել քաղաքական համակարգումը եվրոպական պետությունների միջև։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում 50 եվրոպական երկրների առաջնորդներ և ներկայացուցիչներ:
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:











