Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, իսկ Գերմանիան հանդիպման ժամանակ կներկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Փարիզին տրվել է Բեռլինի անունից քվեարկելու լիազորություն, ինչը նախկինում կիրառված պրակտիկա է Եվրոպական միության գագաթնաժողովների շրջանակում։
Սա կլինի Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը, որն անցնելու է առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։ Որպես կանցլերի բացակայության պատճառ նշվել են «այլ պարտավորություններ», մասնավորապես՝ Մերցի մասնակցությունը Բեռլինում կայանալիք Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Գերմանական կողմն ընդգծել է, որ կանցլերը նախկինում մասնակցել է կառույցի երկու հանդիպումների և շարունակում է ակտիվ կապերը գործընկերների հետ։
Կառույցը միավորում է 47 պետություն, այդ թվում՝ ԵՄ անդամ 27 երկրները և 20 գործընկեր պետություններ, նպատակ ունենալով խթանել համագործակցությունը ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ու էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:












