Մայիսի 5-ին և 6-ին Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին կմասնակցեն պաշտոնյաներ և փորձագետներ նաև Թուրքիայից և Ադրբեջանից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած այս միջոցառման նպատակն է քննարկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։
Հիմնական քննարկումներից մեկը նվիրված կլինի տրանսպորտային ուղիներին և առևտրին, որոնք այսօր մեծ ազդեցություն ունեն քաղաքականության վրա։ Այս թեմայի շուրջ ելույթ կունենան Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Օրակարգում է նաև TRIPP նախաձեռնությունը, որը դիտարկվում է որպես տարածաշրջանի զարգացման նոր տարբերակ։
Քննարկումներին կմասնակցեն նաև փորձագետներ Ադրբեջանից ու Վրաստանից։












