Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր. Մակրոն

Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես ավար կամ մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին Հայաստանում անցկացվող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև: Հարավային Կովկասը կարող է խաչմերուկ լինել այս տարածաշրջանում, ինչը, ըստ Մակրոնի, ենթադրում է, որ պետք է սահմանները բացել:
«Ես ցանկանում եմ, որ հարևանները ձգտեն նույն խիզախությանը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն այս ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ճանապարհին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասը հաճախ քիչ է նկատվում դրսից՝ երկար ժամանակ փակ լինելու պատճառով:
«Ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ: Հենց դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, որպեսզի սահմանները բացվեն, և իրականում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ. սա է մեր համոզմունքը, սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը և հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, համարելով, որ դա դեռ սկիզբն է:
«Մենք նաև ողջունեցինք Թուրքիայի և Հայաստանի սահմանների բացումը Սիրիայից փախստականների կամ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով, բայց սա առաջին ազդակն էր, և մենք տեսանք, թե ինչքան կարևոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս «կովկասյան պահը» իրականություն դառնա, և որպեսզի ձեր երկիրը և ողջ տարածաշրջանը դառնան Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի խաչմերուկը: Եվ սա թույլ կտա, ուրեմն, օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից և ստեղծել խաղաղության ճանապարհ և ոչ թե տարբեր կայսրությունների, խնդիրների և մարտահրավերների ճանապարհ: Եվ այդ է պատճառը, որ ես ցանկանում եմ այսօր ողջունել Հայաստանի ջանքերը, և Ֆրանսիան հավատում է դրան, Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին. այսինքն՝ Հայաստանը հենց առանցքային այն հիմքն է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար, ամբողջ տարածաշրջանի հույսի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին:
«Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020-ի պատերազմը, այն, ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին. տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին: Եվ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն, և բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից: Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսեցիք հենց 2018-ից. այսինքն՝ խաղաղությունը, որ ընտրել եք, իրատեսական է, և որ դուք դրա դերակատարն եք, և որ բարգավաճությունը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիայի նախագահը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին: Մայիսի 4-ին նա մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան:
Տեղադրություն
Իրադարձություն











