Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից առաջին անգամ ալյումին է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից առաջին անգամ ալյումին է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն։
Նշվում է, որ տրանզիտային ճանապարհով Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 700 տոննա, և երկու վագոն ալյումին՝ ընդհանուր 133 տոննա։
2025-ի նոյեմբերից մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 26,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։
2025-ի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել նաև ադրբեջանական արտադրության վառելիք։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։
Այս գործընթացը հնարավոր է դարձել 2025-ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ինչի արդյունքում օգտագործվում է Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան, Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային ուղիները։
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։











