Իշխանամետ Araratnews.am լրատվական կայքը մայիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութ, որի վրա գրված է․ «Քոչարյանը հաղթանակ կերտած նախագահ է և մենք միանալու ենք իրեն. Սամվել Կարապետյան»։
Տեսանյութը վերցված է Կարապետյանի՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպումից։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է տեսանյութի ամբողջական հատվածը և պարզել, որ հրապարակման մեջ օգտագործված ձևակերպումը մոլորեցնող է։
Լրատվամիջոցի կողմից այս ձևակերպմամբ տարածված տեսանյութը լայն արձագանք և տարածում է ստացել սոցցանցերի այլ էջերում ևս։
Ինչ է ասել Սամվել Կարապետյանը և ով է ում միանալու
Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանին հարցրել են, թե ինչու է նա շարժվում Նիկոլ Փաշինյանի ձևավորած օրակարգով և փորձում «տարանջատվել նախկիններից՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանից»։ Պատասխանելով հարցին՝ Կարապետյանը նախ անդրադարձել է իր և Քոչարյանի հարաբերություններին՝ նշելով, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում երկրորդ նախագահին բնութագրել է որպես «Հայաստանի համար հաղթանակ կերտած ղեկավարներից մեկը»։ Միաժամանակ նա նշել է, որ իր կարծիքով, գործող իշխանությունը «անբարոյական օրակարգեր» է թելադրում, որոնց մարդիկ սկսում են հավատալ։
Araratnews-ը գրում է, որ Կարապետյանն ասել է «մենք միանալու ենք իրեն», մինչդեռ իրականում ասուլիսին Կարապետյանն ասում է ճիշտ հակառակը. նա հղում է անում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ երկրորդ նախագահն է սատարելու ընդդիմադիր դաշտում առաջին տեղը զբաղեցնող ուժին, որը Կարապետյանի համոզմամբ իրենց կուսակցությունն է։
«Ես հայտարարում եմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի: Ես ասում եմ՝ Քոչարյանը արել է շատ կոռեկտ հայտարարություն, որ ինքը սատարելու է առաջին տեղ «օպոզիցիայի» զբաղեցնող ուժին, այսինքն՝ մեր ուժին, ես չգիտեմ էլ ինչ ասենք, որ մարդիկ հավատան, որ չկա ուրիշ գործարքներ, ստվերային գործարքների մենք չենք մասնակցում, կյանքում չենք մասնակցել»,- նշում է նա։
Հատկանշական է, որ նույնիսկ Araratnews-ի կողմից առանձնացված հատվածում Կարապետյանը չի ասում, թե իրենք միանալու են Քոչարյանին։
Այսպիսով՝ Araratnews-ը մոլորեցնող ձևով է ներկայացրել Կարապետյանի խոսքը՝ ստեղծելով տպավորություն, թե նա հայտարարում է Քոչարյանին միանալու մասին, մինչդեռ ասուլիսում նա նման բան չի ասել։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











