«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի հերթական օրը սկսել է Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև՝ նպատակ ունենալով բարձրաձայնել Հայաստանում իրավական պետության կայացման և դատական անկախության ձախողված բարեփոխումների հարցը։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, որ իրենց «ոչ տրադիցիոն» քարոզարշավը կառուցված է Սահմանադրության առաջին հոդվածի սկզբունքների շուրջ
«Այս մարմինը Հայաստանի դատական իշխանության ամենաբարձր և ամենաանկախ մարմինը պետք է լինի։ Բայց մենք ի՞նչ ունենք, վերջին ութ տարիների ընթացքում բոլոր խոստացված բարեփոխումները ձախողվել են և այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ-որ ժողովների։ Վերջին ութ տարիների ընթացքում հինգ անգամ այս մարմնի ղեկավարը փոխվել է»,- ասել է Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի՝ հունիսի 7-ին պետք է ժողովուրդը փոխի իշխանությունը, որովհետև արդար, անկախ դատական համակարգ չկա։
«Եթե նախկինում ցածր աշխատավարձերով էին դատավորները մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություններ տալիս, այսօր բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս։ Եթե նախկինում դատավորները խափանման միջոցը կալանք էին ընդունում ցածր աշխատավարձով, այսօր բարձր աշխատավարձով են մարդկանց կալանավորում»,- ասել է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն վստահեցնում է, որ իրենց ուժը ժողովրդին չի ստում և ասում, որ երկիրը տանում են Եվրոպա, այլ ասում են՝ եվրոպական չափանիշներն են բերելու Հայաստան։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն վարչապետի թեկնածու չի առաջադրի։
Ըստ Մարուքյանի՝ իրենց քաղաքական ուժի գլխավոր նպատակը ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի համար պայքարն է, այլ նոր ձևավորվող օրենսդիր մարմնում հավասարակշռող և փոխզսպող դերակատարում ստանձնելը, քանի որ չմասնակցելը միայն կնպաստի գործող իշխանության վերարտադրմանը։












