Հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս ութ մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։
Քննվող գործի նյութերի համաձայն՝ ԲՀԿ առաջնորդին, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանին և մյուս մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրումների պատրվակով իրանցի գործընկերների շուրջ 22 միլիոն դոլարի գույքը խաբեությամբ հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։
Գործով անցնող 9 մեղադրյալներից 7-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ (Վեդի Խաչատուրյան և Սինա Աբդոլհոսեին Միարի)։
Գագիկ Ծառուկյանը հերքում է առաջադրված մեղադրանքները, իսկ նրա թիմը տեղի ունեցողն անվանում է քաղաքական հաշվեհարդար։ Դեռ 2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր խլել նրա տներն ու սնանկացնել բիզնեսները։ Ընտրություններից հետո՝ 2026-ի հուլիսին, ԱԱԾ-ն ներխուժեց գործարարի առանձնատուն։ Ձերբակալության ժամանակ միլիոնատիրոջ հանդեպ կիրառվեց ֆիզիկական ուժ, ինչը մարդու իրավունքների պաշտպանը որակեց անհամաչափ։
«Արդարություն իրականացրեք, շառ են անում, հարգելի դատավոր, հո այդպես չի, շինծու, ապօրինի սարքած գործ է, ես այստեղ արդար եմ, մեղք չունեմ, 100% մեղք չունեմ»,- հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին աջակիցները դիմավորեցին ծափերով։

Դատախազին և փաստաբանին վարույթից հեռացնելու միջնորդությունները
Շուրջ երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում կողմերի միջև ծավալվեցին ակտիվ իրավական քննարկումներ դատավարության մասնակիցների ներգրավվածության վերաբերյալ։
Պաշտպանական կողմը հանդես եկավ հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանին վարույթից հեռացնելու միջնորդությամբ՝ պնդելով, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկզբնապես հարուցվել է պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը չհաղթահարելու պայմաններում։
Պաշտպանները շեշտեցին, որ հետագայում որոշումը վերացվելուց հետո այդ մասին Ծառուկյանին պատշաճ չի հայտնվել, ինչը, ըստ իրենց, վկայում է դատախազի կողմնակալ վերաբերմունքի մասին։
«Մինչև հանրային քրեական հետապնդում հարուցելը սահմանված ընթացակարգով չի հաղթահարվել պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը, հետևաբար հսկող դատախազի հիշյալ որոշումը ենթակա է վերացման»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Դատախազության ներկայացուցիչները պնդեցին, որ բացարկի հայտնման համար օբյեկտիվ տվյալներ բացակայում են։ Դատարանը, լսելով կողմերի փաստարկները, որոշեց մերժել դատախազ Լիանա Մարկոսյանին վարույթից հեռացնելու պաշտպանների պահանջը։
Միևնույն ժամանակ, մեղադրողների կողմից բարձրացված հարցին ի պատասխան, դատարանը որոշեց դատաքննությունից չհեռացնել նաև Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին։ Նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանն արձանագրեց, որ փաստաբանի մասնակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում ապացույցների հետազոտմանը։ Դրանից հետո դատարանն անցավ մեղադրական եզրակացության համապատասխանության հարցի քննարկմանը։
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխմանը դատարանը չանդրադարձավ
Դատական նիստի եզրափակիչ հատվածում դատարանն անդրադարձավ մեղադրյալների խափանման միջոցների հարցին։ Նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը նշեց, որ կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման հարցին այսօր չի անդրադառնում, քանի որ նրա կալանքի ժամկետին դեռ 20 օր կա։ Փոխարենը, դատախազների միջնորդությամբ դատարանը քննարկեց մյուս մեղադրյալների կալանքի ժամկետների երկարաձգման հարցը։
Դատարանն երեք ամսով երկարաձգեց իննը մեղադրյալներից երկուսի՝ Իրանի քաղաքացի Սինա Միարիի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետները, որոնք լրանում էին։
Մեղադրական եզրակացության բովանդակության և ընդդատության վեճը
Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա տեսագրությունները, գրավոր պարտավորագրերը, բանկային փոխանցումների տվյալներն ու փորձագիտական եզրակացությունները հաստատում են, որ Գագիկ Ծառուկյանն է խոշոր գումարներ ներդրել և դարձել խարդախության զոհ։
«Մեղադրական եզրակացությունը ինքնին չպետք է լինի մի ուղղվածության փաստաթուղթ, պետք է լինի ամբողջ վարույթը ամփոփող փաստաթուղթ»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Դատախազության ներկայացուցիչները շեշտեցին, որ այս փուլում դատարանը քննարկում է միայն ձևական համապատասխանության հարցերը։ Դատարանը որոշեց նիստը շարունակել ներկայացված եզրակացության շրջանակներում։
«Վերջիններիս կողմից բերված փաստարկումները վերաբերում են ավելի խորը ուսումնասիրության ենթակա հանգամանքներին, որոնք հետագա փուլերում ենթակա են հետազոտման»,- նշեց հանրային մեղադրողը։
Այնուհետև դատարանում քննարկվեց քրեական գործի ընդդատության հարցը։ Պաշտպանական կողմը պնդեց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված չեն ենթադրյալ փողերի լվացման արարքների հստակ ժամանակագրությունն ու վայրը, ինչը դժվարացնում է ընդդատության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը։
Դատախազները պարզաբանեցին, որ ենթադրյալ հանցավոր ճանապարհով ստացված վառելիքի մատակարարումներն ընդունած ընկերությունները գրանցված են Երևան քաղաքի Նորքի տարածքում, հետևաբար գործը ենթակա է քննության տվյալ դատարանում։
Նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը արձանագրեց, որ առաջադրված մեղադրանքների բովանդակությունը հնարավորություն չի տալիս վարույթն ընդդատությամբ այլ դատարան փոխանցելու։ Դատարանը հարցը համարեց քննարկված, և գործի քննությունը շարունակվեց տվյալ դատարանում։
Տուժողին վեր են ածել մեղադրյալի. Երեմ Սարգսյանի ճեպազրույցը
Նիստի ավարտից հետո Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանն ընդհանուր բիզնեսում ներդրել է շուրջ 145 միլիոն դոլար, որը իրանցի գործընկերները հափշտակել են, իսկ այժմ իրավապահ մարմինների միջոցով փորձում են ևս 21 միլիոն դոլար պահանջել նրանից։
«Այստեղ խնդիր կա․ իրենց պետք է, որ Ծառուկյանը լինի մեղադրյալ, հետևաբար տուժողին վեր են ածեն մեղադրյալի, իսկ էն մյուս անձինք, որ հիմա տուժող են, արհեստականորեն առիթից օգտվում են։ Բավարար չէ առանց մի կոպեկ դնելու էս 145 միլիոն դոլարն են հափշտակել, հիմա էլ 21 միլիոն դոլարի՝ մեր իրավապահ մարմինների թեթև ձեռքով պահանջ ունեն»,- ասաց փաստաբանը։
***
Կողմերի հետ նիստերի ժամանակացույցը համաձայնեցնելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ին։
Ծառուկյանի գործով նիստի ամբողջական տեսագրությունը՝












