Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը, որը ձերբակալվել է մայիսի 18-ին և կալանավորվել երկու ամսով, հացադուլ է հայտարարել և վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել։ Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Օսիպյանը հացադուլի մեջ է ձերբակալման պահից։
Հացադուլի հիմնական դրդապատճառը, ըստ փաստաբանի, վարչապետի կողմից Օսիպյանին «փախած» անվանելն է։
«Հիմնական պատճառը Արթուր Օսիպյանը նշում է փախած լինելը։ Այն պարագայում, երբ ինքը երբեք որևէ պրոցեսից չի խուսափել, պատերազմական գործողություններին մասնակցել է», - ՍիվիլՆեթին հայտնեց փաստաբան Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը դա համարում է արժանապատվությունը նվաստացնող հայտարարություն։
Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա փորձել է խոչընդոտել քարոզարշավին, հնչեցրել է հայհոյանքներ և բռնության կոչեր։
Օսիպյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի քանի հոդվածներով, այդ թվում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի (ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդված), խուլիգանության (297-րդ հոդված) և քարոզչությանը խոչընդոտելու (211-րդ հոդված) համար։ Դեպքին նախորդել էր Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ։ Բա կերավ մեր միսը»։
Չնայած հացադուլին՝ Օսիպյանը դեռևս չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի համապատասխան խուց։ Փաստաբանի խոսքով՝ ՔԿՀ (Քրեակատարողական հիմնարկի) վարչությունը նշում է, որ դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել։
«Օսիպյանի առողջական վիճակի մասին այս պահին հստակ տեղեկություն չունեմ»,- ասաց փաստաբանը, որը նախատեսում է առաջիկա օրերին այցելել իր պաշտպանյալին։
Դավիթ Հովհաննիսյանը հայտնեց, որ նախաքննությունը նոր է սկսել և կարող է ամիսներ տևել։
Օսիպյանը Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավարն էր, կոշտ քննադատում էր Արցախի իշխանություններին, դատական հայցերով պահանջում էր Արցախ հիմնադրամներից հաշվետվողականություն ու թափանցիկություն։
Մեկ տասնյակից ավելի քաղաքացիական կազմակերպություններ պահանջում են անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ Օսիպյանի գործողությունները, ներառյալ վարչապետի հետ բանավեճը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի մեջ, և կոչ են անում իրավապահ մարմիններին զերծ մնալ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված «ընտրովի արդարադատությունից»։
ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելել են ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու նախօրեին ձերբակալված Արթուր Օսիպյանին։ Նա հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին հայտնել են պաշտպանի գրասենյակից։












