Գլխավոր Լրահոս

Չինաստանի «Մալակկայի դիլեման» և Նյու Դելիի նոր ռազմավարությունը Հնդկական օվկիանոսում

Չինաստանի «Մալակկայի դիլեման» և Նյու Դելիի նոր ռազմավարությունը Հնդկական օվկիանոսում

2016-ի օգոստոսին Ճապոնիայի հանգուցյալ վարչապետ Շինզո Աբեն Նայրոբիում՝ Աֆրիկայի զարգացման հարցերով Տոկիոյի միջազգային համաժողովում (Tokyo International Conference on African Development - TICAD), խոսում էր «երկու ազատ և բաց օվկիանոսների ու երկու մայրցամաքների միավորումից ծնվող հսկայական կենսունակության» մասին։

Դա «Ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» (Free and Open Indo-Pacific - FOIP) հայեցակարգի պաշտոնական ծնունդն էր՝ մի շրջանակի, որը հետագայում որդեգրեցին Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Եվրոպական միությունը և տասնյակ այլ երկրներ։

Իր հիմքում FOIP-ը նպատակ ունի պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը՝ հակազդելով ռևիզիոնիստական և հարկադրական ուժերի աճող ազդեցությանը։

Quad-ի (ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ոչ պաշտոնական ռազմավարական համագործակցության ձևաչափ) չորս հիմնադիր գործընկերներից Միացյալ Նահանգները բերում է ռազմական գերակայություն, Ճապոնիան՝ ինստիտուցիոնալ վստահելիություն, իսկ Ավստրալիան ապահովում է հարավային թևի հենարանը։ Սակայն Հնդկաստանի ներդրումը Ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բոլորովին այլ բնույթի է և շատ ավելի դժվար փոխարինելի։

Աշխարհագրական առավելություն

Հնդկաստանի առափնյա գիծը ձգվում է ավելի քան 7,500 կիլոմետր՝ երեք կողմից դուրս գալով դեպի Հնդկական օվկիանոս։ Նրա Անդաման և Նիկոբար կղզիները Մալակկայի նեղուցի արևմտյան մուտքերի մոտ են՝ մի ջրուղի, որով տարեկան անցնում է ավելի քան 96,000 նավ, և որով իրականացվում է աշխարհի ծովային առևտրի մոտ մեկ քառորդը։

Հորմուզի նեղուցի հետ միասին այս երկու ռազմավարական ուղիներով է անցնում աշխարհի նավթային հոսքերի ավելի քան 60 տոկոսը։ Quad-ի ոչ մի այլ երկիր համեմատելի դիրք չի զբաղեցնում դրանցից որևէ մեկի հարևանությամբ։

Հնդկաստանի ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը ներառող «Անդաման և Նիկոբար» կոչվող միասնական հրամանատարությունը այս աշխարհագրական առավելությունը գործնական կիրառության կարող է վերածել։ Հնդկական ռազմածովային ուժերը մշտական ներկայություն են պահպանում Մալակկայի նեղուցի ելքի մոտ՝ վերահսկելով տարածաշրջանից դուրս ռազմածովային ուժերի տեղաշարժերը։ 2025-ի վերջին Հնդկաստանը սկսեց երկրորդ երկակի նշանակության օդանավակայանի կառուցումը Մեծ Նիկոբար կղզու Գալաթեա ծոցում՝ Մալակկայի մուտքերին ավելի մոտ դիրքում։

Այս ամենի կարևորությունը պայմանավորված է Չինաստանի «Մալակկայի դիլեմայով»։ Չինաստանի նավթի ներմուծման ավելի քան 80 տոկոսն անցնում է այս նեղուցով։ Դա նշանակում է, որ ռազմավարական այս անցակետի մոտ հնդկական ռազմածովային ուժերի ցանկացած ամուր ներկայություն ստեղծում է այնպիսի կառուցվածքային լծակ, որը Quad-ի որևէ այլ գործընկեր չի կարող կիրառել աշխարհագրական նման մերձավորությամբ։  

Կանոնահեն տեսլական

«Ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» վերաբերյալ արևմտյան դիսկուրսում հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ Նյու Դելին այս շրջանակին չի միացել պարզապես որպես կրտսեր գործընկեր, որը յուրացնում է ուրիշի մշակած դոկտրինը։

2015-ի մարտին՝ Միացյալ Նահանգների կողմից FOIP-ի պաշտոնական ընդունումից երկու տարի առաջ, վարչապետ Նարենդրա Մոդին Մավրիկիոսի Պորտ Լուիս քաղաքում ներկայացրեց SAGAR (Security and Growth for All in the Region — «Անվտանգություն և զարգացում բոլորի համար տարածաշրջանում») հայեցակարգը։ Այն առաջնահերթություն է տալիս վստահությանը, միջազգային ծովային նորմերի հարգմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը և Հնդկական օվկիանոսում համագործակցային անվտանգությանը։ Ըստ էության դա Հնդկաստանի սեփական կանոնահեն կարգի հայեցակարգն էր՝ խարսխված նրա անմիջական ռազմավարական հարևանության վրա։

Հաջորդ տասնամյակի ընթացքում Հնդկաստանի ռազմածովային ուժերը զարգացրին SAGAR-ը՝ Ադենի ծոցում հակածովահենային գործողությունների, մարդասիրական առաքելությունների, COVID-19-ի օգնության մատակարարումների միջոցով դեպի Մավրիկիոս, Մալդիվներ, Մադագասկար, Կոմորյան կղզիներ և Սեյշելներ։ Նրանք վերահսկողության ռադարների ցանց ստեղծեցին Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի ափամերձ պետություններում՝ Շրի Լանկայից մինչև Բանգլադեշ։

2025-ի մարտին Հնդկաստանը սա ընդլայնեց MAHASAGAR (Mutual and Holistic Advancement for Security and Growth Across Regions, «Տարածաշրջանների անվտանգության և զարգացման համար փոխադարձ և համապարփակ առաջընթաց») նախաձեռնությամբ՝ մի շրջանակ, որը բացահայտորեն մշակվել էր որպես Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ներառական այլընտրանք։

2025-ի ապրիլին Տանզանիայի հետ անցկացված AIKEYME (Africa-India Key Maritime Engagement, «Աֆրիկա-Հնդկաստան առանցքային ծովային համագործակցություն») ռազմածովային զորավարժություններին մասնակցեց աֆրիկյան տասը երկիր, և համատեղ պարեկություն իրականացվեց բացառիկ տնտեսական գոտիներում՝ Հնդկաստանի աֆրիկյան և հարավասիական ռազմածովային ուժերի անձնակազմերի մասնակցությամբ։

Ինքնավարության պարադոքսը

Չինաստանի «Մարգարիտների շղթա» (String of Pearls) ռազմավարությունն իր գործնական էությամբ ուղղված է Հնդկաստանի դեմ։ Չինաստանի կողմից ֆինանսավորվող նավահանգիստների ցանցը՝ Պակիստանի Գվադարից մինչև Շրի Լանկայի Համբանտոտա, Մյանմայի Կյաուքփյու և Բանգլադեշի Չիտագոնգ, շրջափակում է Հնդկաստանի ծովային պարագիծը։

2008-ից ի վեր Պեկինը ավելի քան 45 ռազմածովային առաքելություն է ուղարկել Հնդկական օվկիանոսի տարածաշրջան, և այժմ Չինաստանն այնտեղ շահագործում է առնվազն 13 նավահանգիստ։

Հնդկաստանի պատասխանը՝ իր «Ադամանդների վզնոց» (Necklace of Diamonds) հակառազմավարությունը, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի հետ լոգիստիկ համաձայնագրերը, ափամերձ ռադարային ցանցերը, Սեյշելներում ռազմածովային բազայի վերաբերյալ պայմանավորվածությունը և ԲրահՄոս հրթիռների վաճառքը Ֆիլիպիններին (որոնց մատակարարումները սկսվել են 2024-ին), տարածաշրջանում չինական ծովային ռևիզիոնիստական քաղաքականությանը հակազդելու  ամենավստահ կառուցվածքային փորձն են։ Quad-ի որևէ այլ գործընկեր չի կարող դա անել Հնդկաստանի աշխարհագրական դիրքից։

Այդուհանդերձ, Նյու Դելին պնդում է ռազմավարական ինքնավարության պահպանման վրա։ Այն չի միացել ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի՝ 2021-ին ստեղծված AUKUS (Australia, United Kingdom, United States) անվտանգային և ռազմական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարական գործընկերությանը, որի նպատակն է հակակշռել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությունը։ Նյու Դելին շարունակում է ռուսական սպառազինության գնումները, ակտիվ է մնում BRICS-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում, իսկ Չինաստանի սահմանային վեճերին մոտենում է երկկողմ ձևաչափով։ FOIP-ի որոշ կողմնակիցների համար սա կարող է ընկալվել որպես հիասթափեցնող երկիմաստություն։

Սակայն հենց Միացյալ Նահանգների պաշտոնական անվտանգության դաշնակիցը լինելու մերժումն է, որը թույլ չի տալիս, որ FOIP-ը Գլոբալ հարավում ընկալվի որպես Արևմուտքի զսպման նախագիծ։ Վերլուծաբանները նշում են, որ FOIP-ը հաճախ մեկնաբանվում է նաև որպես Չինաստանին հակազդելու շրջանակ, և ներառականության շեշտադրումը կարևոր է դրա վստահելիության համար՝ որպես ամբողջ տարածաշրջանի կազմակերպիչ սկզբունք։

Հնդկաստանի մասնակցությունը՝ իր սեփական պայմաններով, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN), Աֆրիկայի և Հարավային Ասիայի տատանվող երկրների համար ազդանշան է, որ FOIP-ը Սառը պատերազմի ոճի երկընտրանք չէ։

Ձայն, որը Արևմուտքը չի կարող փոխարինել

Գլոբալ հարավում Հնդկաստանի դիրքը FOIP-ում նրա կենտրոնական դերի վերջին և թերևս ամենաքիչ գնահատված բաղադրիչն է։ Որպես 2025-ի դրությամբ աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսություն, աշխարհի ամենամարդաշատ ժողովրդավարություն և 2026-ի BRICS-ի նախագահող երկիր՝ Հնդկաստանը զարգացող երկրների հետ խոսում է գաղութատիրության, ռեսուրսային սահմանափակումների և բազմաբևեռ աշխարհակարգի ձգտման ընդհանուր փորձից ելնելով՝ այնպիսի աշխարհակարգի, որը պարզապես մեկ հեգեմոնի փոխարեն մյուսին չի բերում։

Այն պետություններից շատերը, որոնց համակրանքը FOIP-ի սկզբունքների նկատմամբ ամենակարևորն է՝ Հնդկական օվկիանոսի կղզային երկրներից մինչև ASEAN-ի անդամներ և աֆրիկյան պետություններ, դժվար թե հրապուրվեն միայն ամերիկյան անվտանգության ճարտարապետությամբ կամ ճապոնական պաշտոնական զարգացման վարկերով (ODA)։ Հնդկաստանի զարգացման դիվանագիտությունը, թվային ենթակառուցվածքների արտահանումը, պատվաստանյութային համագործակցությունը, ռազմածովային կարողությունների զարգացումը և MAHASAGAR շրջանակը առաջարկում են գործընկերություն՝ առանց ռազմավարական պարտքային կախվածության։ Առանց այդ բաղադրիչի FOIP-ի գաղափարները միշտ կմնան թերի։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ընդգծել է, որ FOIP-ը իր արտաքին և պաշտպանական քաղաքականության առանցքն է, և նրա վարչակազմը, ըստ ամենայնի, զգալի ջանքեր է գործադրում այդ հայեցակարգը առաջ մղելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների հուսալիության վերաբերյալ աճող անորոշության պայմաններում վարչապետ Տակաիչիի և FOIP-ի դերը կենսական նշանակություն ունի այս տարածաշրջանի, եթե ոչ ամբողջ աշխարհի կայունության և բարգավաճման համար։

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է japan-forward.com կայքում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում