Էլեն Մուրադյան
ԼՐԱՑՈՒՄ - Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է իր «ծընգլ արիք» արտահայտությունը, որը նա արել էր երկուշաբթի Գյումրիում քարոզարշավի ժամանակ։ Մայիսի 26-ին Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ ինքը ձևակերպումը արել է ոչ թե կոնկրետ Բաքվի գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան, այլ արձագանքելով լրագրողների՝ դրան նախորդած բազմաթիվ հարցերին, երբ ինքը շարունակ ասել է, որ չի պատասխանում հարցերին։ «Ես չեմ հասկանում, որևէ մեկը կարող է մտածել, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծընգլ արեցի՞ք»,- ասել է Միրզոյանը։
. . .
«Ա՜ դե, ծընգլ արիք» [զզվցրեցիք - խմբ.],- այսպես է արձագանքել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բաքվի հայ գերիների վերաբերյալ լրագրողի հարցին։
Մայիսի 25-ին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները Միրզոյանին հարցրել են, թե արդյոք նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցը բարձրացնելու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը։ Ռուբիոն կարճատև այցով Երևան է ժամանել այսօր՝ մայիսի 26-ին։
Նման բարձրաստիճան այցերի և հանդիպումների ընթացքում լրագրողները պաշտոնյաներից սովորաբար հետաքրքրվում են, արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել կամ բարձրաձայնվելու է հանդիպման ժամանակ։
Արտգործնախարար Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ գերիների վերաբերյալ լրագրողների հարցերին արձագանքելիս սովորաբար նշում են, որ հարցի վերաբերյալ հանրությունը քիչ մանրամասներ ակնկալի իրենցից՝ հավաստիացնելով, որ հարցին առնչվող ուղիղ կամ անուղղակի այնպիսի բանակցություն չկա, որի ժամանակ գերիների հարցը չբարձրացվի։
Հայաստանը Ադրբեջանում պահվող հայ պատանդների հարցը հրապարակայնորեն չբարձրացրեց նաև մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ), ապա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների ժամանակ։
ԵՔՀ գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում թիրախավորեց Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս գերիներին՝ նրանց անվանելով «ռազմական հանցագործներ»։ Փաշինյանը նրան չհակադարձեց։
Մինչև գագաթնաժողովը Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ՝ համարելով, որ դա արդյունավետ չէ, փոխարենը նախատեսում է դա անել Բաքվի հետ ուղիղ շփումներում։
***
Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ութ ղեկավարների գերեվարել է 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։ Նրանք դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ քսան տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Պաշտոնապես Բաքվում 19 հայ պատանդ կա։
Նախօրեին Բաքվի բանտից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների միջոցով ուղերձ էր փոխանցել՝ նշելով, որ գերիների հարցը որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, «և պարտություն կրած գլխավոր հրամանատարը ոչինչ չի անում [խմբ․ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին], որպեսզի այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց թիկունքին պետություն է կանգնած»։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց դատապարտել է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» հոդվածներով։
Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել են քսան տարվա ազատազրկման։












