Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների ընդունումը։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ կառույցից դուրս գալու մտադրություն Երևանը չունի, իսկ պայմանագրի փոփոխության համար անհրաժեշտ է բոլոր անդամների համաձայնությունը:
«Պայմանագրի փոփոխության մասին խոսք չկա։ Պայմանագիրը փոխելու համար կոնսենսուս է պետք, իսկ Հայաստանը, ինչպես գիտենք, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ հասկանում են և՛ արտոնությունների ծավալը, և՛ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ առևտրի ծավալը, որը նման չափերով մեծապես հնարավոր է դարձել հենց Հայաստանի համար գործող արտոնյալ ռեժիմների շնորհիվ»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Ըստ նրա՝ խոսքը զրոյական մաքսատուրքերի, ներդաշնակեցված ստանդարտների և տեխնիկական կանոնակարգման մասին է, որոնք այսօր ապահովում են շուկաների բաց լինելն ու ապրանքների ազատ փոխադարձ տեղաշարժը։ Միևնույն ժամանակ Օվերչուկն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և արտաքին քաղաքական հնարավոր փոփոխություններին։
«Ուստի, իհարկե, հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունները, որ իրենց տալիս է մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և չեն ցանկանում դուրս գալ։ Նրանց հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց նպատակն են հռչակել մերձեցումը Եվրամիությանը և անդամակցությունն այդ միությանը։ Բոլորը հասկանում են, որ դա անհամատեղելի է, սա նոր իրավիճակ է, և այն անհրաժեշտ է գնահատել»,- նշել է ռուսաստանյան պաշտոնյան։
Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել էր, որ թեև Աստանայի գագաթնաժողովը չի վճռելու Հայաստանի ճակատագիրը, սակայն օրակարգը լինելու է բարդ, և միության մասնակիցներն սպասում են Երևանի պարզաբանումներին։
Եվրասիական տնտեսական ֆորումը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները, կանցկացվի մայիսի 28-ին Աստանայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։











