Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հանրապետության տոնի առիթով հղած ուղերձում կոչ է արել միաբանվել արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում ու համատեղ ուժերով հզորացնել Հայաստանը։
Կաթողիկոսը, անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմանը, հիշել է Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ Ապարանի հերոսամարտերը՝ ընդգծելով, որ այդ գոյամարտերում վճռորոշ դեր է ունեցել Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսը։
Նա նշել է, որ ժողովրդի քաջարի զավակները և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները հաղթանակ են տարել՝ ապահովելով անկախ ու ազատ ապրելու իրավունքը, իսկ նոր ժամանակներում ևս անձնվիրաբար պաշտպանել են հայրենիքը՝ կյանքը զոհելով պետականության և անվտանգ ապագայի համար։
«Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»,- ասված է ուղերձում։












