Վեհափառը չի հորդորել բոյկոտել մայիսի 28-ի զորահանդեսը. նրան վերագրված խոսքը հորինված է

Ֆեյսբուքում տարածվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի լուսանկարով գրառում, որում նրան վերագրվում է մայիսի 28-ի տոնական զորահանդեսը բոյկոտելու հորդոր։
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Գասպարյանը մայիսի 27-ին գրել է. «Մեր բարեկամ Լուկաշենկոն չի ողջունում զորահանդեսը, և ես հայրաբար հորդորում եմ իմ հոտին, որ բոյկոտեն ու չմասնակցեն այդ սատանայական հանդեսին»։
Գրառմանը կից հրապարակված լուսանկարում ավելացվել է նաև Գարեգին Բ-ին վերագրված հորինված մեջբերում՝ «Անեծքի տակ մնաք ձեր զորահանդեսով»։

#CivilNetCheck-ը պարզել է, որ Գարեգին Բ-ին վերագրվող այս հայտարարությունը կեղծ է․ Վեհափառ Հայրապետը նման խոսքեր չի ասել։
Չնայած դրան՝ գրառումը լայն տարածում է ստացել և դարձել ատելության խոսքի պատճառ․ այն ունի ավելի քան 550 հավանում, շուրջ 330 մեկնաբանություն և 40-ից ավելի կիսում։
Մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր, հավատալով կեղծիքին, վիրավորական արտահայտություններ են գրել եկեղեցու առաջնորդի հասցեին՝ նրան անվանելով «սրբապիղծ» և «սատանա», ինչպես նաև հորդորելով վախենալ «Աստծո դատաստանից»։
Ո՞վ է հրապարակման հեղինակը
Գրառման հեղինակ Անդրանիկ Գասպարյանի էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա ակտիվորեն տարածում է իշխանական թեզեր և նախկինում ևս հանդես է եկել հակաեկեղեցական բովանդակությամբ հրապարակումներով։
Ըստ իր իսկ ֆեյսբուքյան հրապարակումների՝ Գասպարյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ աջակիցներից է, ինչպես նաև ՔՊ-ին հարող Civic.am լրատվական կայքի օպերատորը։
Վեհափառը զորահանդեսի վերաբերյալ որևէ խոսք չի ասել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հայտարարությունների և Գարեգին Բ-ի հրապարակային խոսքի մոնիթորինգը ցույց է տալիս, որ Վեհափառը մայիսի 28-ի տոնական զորահանդեսը բոյկոտելու որևէ կոչ չի արել։ Նա նաև որևէ հրապարակային խոսքում չի հիշատակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Վերջին շրջանում Վեհափառը լրատվամիջոցների կամ քաղաքական գործիչների հետ հրապարակային հարցազրույց կամ զրույց չի ունեցել։ Մայր Աթոռի պաշտոնական էջում մայիսի 27-ին՝ կեղծիքի տարածման օրը, որևէ հրապարակում կամ ուղերձ չի եղել։
Մայիսի 26-ին հրապարակվել է Քահանայից ժողովի հայտարարությունը, որտեղ անդրադարձ է կատարվել պետական լծակներով իրականացվող հակաեկեղեցական գործողություններին։ Սակայն այդ հայտարարության մեջ զորահանդեսի մասին որևէ խոսք չկա։
Ժողովի ընթացքում Գարեգին Բ-ն խոսել է եկեղեցու «բարենորոգման» արհեստածին ծրագրերի մասին՝ նշելով. «Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով»։ Այստեղ ևս զորահանդեսի թեմային անդրադարձ չի եղել։
Կաթողիկոսի գործողությունները մայիսի 28-ինՄայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին, Կաթողիկոսը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ բոյկոտի կոչ անելու փոխարեն, ընդհակառակը, միաբանության կոչ է արել։
Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել, աղոթել և հեռացել՝ անպատասխան թողնելով լրագրողների քաղաքական հարցերը։
Այսպիսով, Գարեգին Բ Կաթողիկոսին վերագրվող մեջբերումը՝ զորահանդեսը բոյկոտելու և Լուկաշենկոյին հղում անելու վերաբերյալ, ամբողջությամբ հորինված է։ Այն տարածվել է իշխանական լրատվամիջոցի աշխատակցի կողմից և հանգեցրել եկեղեցու առաջնորդի հասցեին ատելության խոսքի տարածման։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










