Գլխավոր Լրահոս

Սահմանափակումները բացասական վերաբերմունք են ձևավորում ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Փաշինյան

Սահմանափակումները բացասական վերաբերմունք են ձևավորում ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում կիրառվող սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների շրջանում բացասական վերաբերմունք են ձևավորում կառույցի նկատմամբ և ստանում քաղաքական երանգավորում։ Այս մասին հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ  Իզվեստիայի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հասկանում են միությանն անդամակցության առավելությունները, կառավարության ղեկավարը տվել է դրական պատասխան, սակայն մատնանշել է առկա խնդիրները։ 

«Ինձ թվում է՝ դրանք սխալ քայլեր են։ Դրանք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Ասեմ, որ ինձ համար՝ որպես ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնատար անձի, դա խնդիր է»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ներկա պայմաններում միությունը պետք է երկրի համար ստեղծի նոր հնարավորություններ և բարձրացնի իր գրավչությունը հայ հասարակության աչքերում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ դեկտեմբերին անձամբ մասնակցելու է ԵԱՏՄ հաջորդ նիստին։

Վարչապետը հավասարակշռված է անվանել մայիսի 29-ին Աստանայի գագաթնաժողովից հետո Կրեմլի կայքում հրապարակված Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով Երևանին կոչ էր արվում համապետական հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով։

«Այնտեղ շատ հավասարակշռված տեքստ է։ Ստացվում է, որ ԵԱՏՄ չորս երկրների մեր գործընկերներն աջակցում են Եվրոպական միությանն անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Սակայն քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին՝ լիիրավ անդամակցության հայտով, նման հանրաքվե անցկացնելն անիմաստ է։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հանրաքվե չի լինի»,- պարզաբանել է Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցի քննարկումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ և պաշտոնապես հանդես կգա համապատասխան հայտով։

Աստանայի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Կրեմլում հստակեցրել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա սուվերեն իրավունքն է, սակայն Հայաստանը չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։

Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն աջակցություն կցուցաբերի այն արտահանողներին, որոնք տուժել են ռուսական սահմանափակումների պատվառով։

Վարչապետի պարզաբանմամբ՝ պետական օգնությունը կտրամադրվի միայն այն դեպքում, երբ խոչընդոտները կապված չեն լինի արտադրանքի որակի հետ, և հավելել է, որ Հայաստանն արդեն աշխատում է արտահանման նոր շուկաներ յուրացնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում