Գլխավոր Լրահոս

Հունիսի 3-ից կարգելվի հայկական սմբուկի և կարտոֆիլի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Հունիսի 3-ից կարգելվի հայկական սմբուկի և կարտոֆիլի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հունիսի 3-ից ժամանակավորապես արգելում է Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։ Այս մասին ասված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում։

Հայտարարության մեջ նշված է, որ որոշումը պայմանավորված է նշված երկրների կողմից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ստացումը հավաստող մեխանիզմների բացակայությամբ: Սահմանափակումները կպահպանվեն մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգերի և ալգորիթմների մշակումը։

«Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն է պատասխանատու գյուղատնտեսական ոլորտի պետական ​​քաղաքականության համար:

Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի արգելքները  տեխնիկական են և հասցեատերը ոչ թե էկոնոմիկայի նախարարությունն է, այլ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ 

Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա և այլ երկրներ:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։

Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է  պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում