Գլխավոր Լրահոս

«Եկեղեցին թույլ չի տա միջամտել իր ներքին կյանքին»․ Գարեգին Բ

«Եկեղեցին թույլ չի տա միջամտել իր ներքին կյանքին»․ Գարեգին Բ

Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա, ոչ թե լինի միակողմանի և մեր ժողովրդի շահերի զիջման արդյունք։ Այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։

Շուրջ մեկ ժամ տևած ասուլիսում Կաթողիկոսը խոսեց եկեղեցու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի, կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքների, եկեղեցու ներսում տարաձայնությունների, Արցախի թեմայով եկեղեցու դիրքորոշման և այլ հարցերի մասին։ Առանձնացրել ենք Կաթողիկոսի կարևոր անդրադարձները։

Եկեղեցու հասցեին հնչող քննադատությունների մասին

Անդրադառնալով իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին հնչող քննադատություններին՝ Գարեգին Բ-ն հայտարարեց, որ եկեղեցին միշտ պատրաստ է պաշտպանել իր իրավունքները։

«Եկեղեցին պատրաստ է որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին»,- ասաց Կաթողիկոսը։ 

Նա շեշտեց, որ սա միայն եկեղեցու պաշտպանության հարց չէ, այլ հավատքի և ժողովրդի պաշտպանության խնդիր։ Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին շարունակելու է իրականացնել իր պատմական առաքելությունը՝ անկախ քաղաքական իրավիճակից։

«Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում»

Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց բարձրացրին իշխանությունների այն մեղադրանքի մասին, թե եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։

«Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները»,- պատասխանեց Կաթողիկոսը։

Նրա խոսքով՝ եկեղեցին որևէ կուսակցության հովանավոր լինել չի կարող, քանի որ այդ դեպքում «կդադարի լինել համայն հայության եկեղեցի»։

«Մեր երկրին, մեր ժողովրդին հուզող հարցերի և խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնչեղություն են ստացել և վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կանգնեցնել մեր ժողովրդին, եկեղեցին առաջնային պարտականություն ունի իր խոսքը հնչեցնել և իր դիրքորոշումը արտահայտել՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»,- ասաց Կաթողիկոսը։

Կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքների մասին

Լրագրողների հարցին՝ կապված իշխանությունների կողմից հնչեցվող մեղադրանքների հետ, թե ինքը խախտել է կուսակրոնության ուխտը, Գարեգին Բ-ն ընդգծեց, որ եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին։

«Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն։ Մեկ ատյան կա՝ եկեղեցական ատյանը, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական»,- հավելեց Կաթողիկոսը։ 

Արցախի թեման և «պատերազմի կուսակցություն» արտահայտությունը

Կաթողիկոսը պատասխանեց նաև լրագրողի հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախ բառը պատարագների ընթացքում հիշատակելը եկեղեցուն դարձնում է «պատերազմի կուսակցություն»։

Մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, թե որոշ հոգևորականներ Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են «պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։

Այնուհետև կառավարության նիստում Փաշինյանն ասաց․ «Ես գնում եմ պատարագների, և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ․․․»։

Գարեգին Բ-ի խոսքով՝ արդարության և իրավունքների պաշտպանության մասին խոսելը չի կարող նույնացվել պատերազմի քարոզի հետ։

«Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր զավակների և Արցախի մեր ժողովրդի իրավունքների համար։ Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա, ոչ թե լինի միակողմանի և մեր ժողովրդի շահերի զիջման արդյունք։ Մենք պարտավոր ենք ամեն ջանքի գործ դնել, որպեսզի արդարությունը իրականացվի Արցախի մեր ժողովրդի նկատմամբ»,- հավելեց նա։ 

Ե՞րբ սրվեցին Եկեղեցու ու իշխանության հարաբերությունները

Հարցին, թե երբ և ինչու սրվեցին հարաբերությունները եկեղեցու և իշխանության միջև, Կաթողիկոսը հիշեցրեց, որ դեռևս 2018-ին իշխանափոխությունից հետո ձևավորվել էր հակաեկեղեցական շարժում։

2018-ի հունիսին կաթողիկոսի հրաժարականի պահանջով  ձևավորվել էր շարժում՝ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» կարգախոսով։ Մի խումբ նախկին քահանաներ և այլք հավաքվում էին եկեղեցիների բակերում, պահանջում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։

«Բայց հետո դադարեց այդ շարժումը և ձևավորվեցին գործնական հարաբերություններ իշխանության հետ։ Կդժվարանամ ասել, թե ինչու և երբ հարաբերությունները լարվեցին եկեղեցու և իշխանության միջև»,- ասաց նա։ 

Գարեգին Բ-ն նաև պատմեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եպիսկոպոսների հետ հանդիպումներից մեկի ընթացքում արտահայտել է հետևյալ միտքը։

«Երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը»,- մեջբերեց Կաթողիկոսը՝ վարչապետի խոսքը։

Նա թվարկեց նաև այն քայլերը, որոնք, ըստ իրեն, ուղղված են եղել եկեղեցու դեմ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը դպրոցական ծրագրից, բանակում հոգևոր առաջնորդության դադարեցումը, եկեղեցու սպասավորների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտելը, Շողակաթ հեռուստաընկերության հեռարձակման արգելափակումը։

«Այս բոլոր դժվարությունները չգիտեմ, գուցե նաև ինչ-որ չափով պայմանավորված են մեր կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա, ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ»,- ասաց նա։

Քրեական գործերի և իր՝ հնարավոր ձերբակալության մասին

Գարեգին Բ-ն հաստատեց, որ եկեղեցու նկատմամբ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ։ Նրա խոսքով՝ դրանց նպատակը եկեղեցին իշխանության կամքին ենթարկեցնելն է։

«Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն, ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին։ Եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի»,- ասաց Կաթողիկոսը։ 

Միաժամանակ նա հավելեց, որ եթե անգամ չհաջողվի կանխել նման որոշումը, պատրաստ է «հանձնառությամբ կրել այդ անարդար պատիժը»։ 

Բագրատ Սրբազանի շարժման մասին

Գարեգին Բ-ն անդրադարձավ նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի 2024 թվականի շարժմանը՝ նշելով, որ այն սկզբնապես քաղաքական բնույթ չի կրել։

«Բագրատ Սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ։ Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական շրջանակում, և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը։ Մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից»,- ասաց Կաթողիկոսը։

Սակայն, ըստ Կաթողիկոսի, հետագայում շարժումը քաղաքական գործընթացների մեջ մտավ, ինչից հետո եկեղեցին «կասեցրեց իր հոգևոր գործունեությունը»։

Միաժամանակ նա անհիմն անվանեց Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները՝ ընդգծելով, որ նրան ճանաչում է որպես «հայրենասեր, ազգանվեր եկեղեցական»։ 

Եկեղեցու՝ ռուսական ազդեցության տակ լինելու մեղադրանքների մասին

Անդրադառնալով իշխանությունների և ԱԱԾ-ի կողմից տարածված տեղեկություններին, թե եկեղեցին ռուսական ազդեցության տակ է, Կաթողիկոսը դրանք որակեց որպես «հերյուրանքներ»։

«Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին և հայրենիքին։ Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում», - հայտարարեց նա։ 

Նրա խոսքով՝ նման հայտարարությունների նպատակը ժողովրդի շրջանում եկեղեցու նկատմամբ «սխալ պատկեր ձևավորելն է»։

Եկեղեցու ներսում տարաձայնությունների մասին

Ասուլիսում խոսվեց նաև այն եպիսկոպոսների մասին, որոնք միացել էին իշխանությունների «բարենորոգման ծրագրին»։

Գարեգին Բ-ն ասաց, որ նրանց հետ հարաբերություններ չեն պահպանվում, սակայն եկեղեցին շարունակել է կոչ անել «վերադառնալ կանոնական դաշտ»։ 

Միաժամանակ նա հրաժարվեց նրանց «տիրադավ» անվանել։

«Դա իրենց կողմից թույլ տրված արարք է, որը համապատասխան կառույցներում քննության կառնվի և համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Կաթողիկոսը։

․․․

Հայաստանի իշխանության և եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսի վերջին։ Դրանից օրեր առաջ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցել էր արցախցիների վերաբերյալ միջազգային համաժողովի։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը տեղ գտավ ապրիլի սկզբին հրապարակված Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում՝ «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգ» դրույթով։

Հակամարտության նախադրյալները, սակայն, ձևավորվել էին ավելի վաղ՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Առաջարկում ենք դիտել ՍիվիլՆեթի ծավալուն ռեպորտաժը, որում առանձնացրել ենք եկեղեցի-պետություն հակամարտության ժամանակագրությունը՝ 2018-ից մինչև մեր օրեր։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում