ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին կարճաժամկետ աջակցությունը մեծացնելու ուղիները. Մարթա Կոս

«Եվրամիությունն ուսումնասիրում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին աջակցությունը մեծացնելու ուղիները»,- հունիսի 2-ին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ ամրապնդելու առևտրային և էներգետիկ կապերը Հարավային Կովկասում և տարածաշրջանում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնմանը նրա անմիջական հարևանների հետ»,- գրել է Կոսը։
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկան։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության տնտեսական բաղադրիչի խթանման, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմները։
Միրզոյանն ու Կոսը անդրադարձել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված համագործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս։










