Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան՝ բանակցությունների։ Այցերը նախատեսված են դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ կհաջողվի պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեկամական մթնոլորտը։
Այս մասին վարչապետը հայտարարել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի եվրոպական ինտեգրման և Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ հարցին։
«Դեկտեմբերին ես կլինեմ Ռուսաստանում երեք անգամ, երեք այցելություն՝ դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 22-ին ես կայցելեմ Ռուսաստան բանակցությունների համար և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը չի հստակեցրել, թե ում հետ են նախատեսված բանակցությունները և ինչ հարցեր են քննարկվելու։
Փաշինյանը շեշտել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու մտադրություն։
«Մեր նպատակը չէ խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը չի ցանկանում խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, Փաշինյանը պատասխանել է. «Ո՞վ իմանա։ Հուսամ, հուսամ՝ դա չէ Ռուսաստանի մտադրությունը»։
Վարչապետը միաժամանակ ընդունել է, որ Հայաստանը չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, սակայն ընդգծել է, որ երկու ուղղությունների միջև որոշակի հնարավորություններ կան։
«Իրականությունն այն է, որ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, բայց մի բան միանշանակ է՝ կա որոշակի դաշտ մեջտեղում»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունը ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը չէ։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ երկրի հիմնական քաղաքական նպատակներից մեկը արտաքին քաղաքական այլընտրանքների ստեղծումն է։
«Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք Հայաստանի Հանրապետության համար»,- հայտարարել է նա։
Փաշինյանի հայտարարությունը հնչել է Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում առկա տարաձայնությունների և Հայաստանի եվրոպական ինտեգրման հետևանքով հնարավոր տնտեսական սահմանափակումների քննարկումների ֆոնին։
Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությամբ Հայաստանին կոչ էին արել հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Հոկտեմբերին հրապարակված զեկույցում չորս երկրները գնահատել էին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքները։
Հայաստանը 2025-ին օրենք է ընդունել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, սակայն շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունների մյուս խնդրահարույց հարցը ՀԱՊԿ-ն է։ Նոյեմբերի 11-ին կազմակերպությունը Հայաստանին զրկել է իր մարմիններում ձայնի իրավունքից և ղեկավար պաշտոններում ներկայացուցիչներ առաջադրելու հնարավորությունից՝ 2024-ից անդամավճարները չվճարելու պատճառով։
Հայաստանը 2024-ի փետրվարին սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պատճառաբանելով, որ կառույցը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2021 և 2022-ին ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ։ Հոկտեմբերի 28-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Երևանը չի տեսնում ՀԱՊԿ-ի աշխատանքներին վերադառնալու հնարավորություն։












