Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական խորհրդակցական հանձնաժողով՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերումը և տարածումը կանխարգելելու նպատակով։
Որոշմամբ հաստատվել են հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը։ Հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է ապահովել աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել վարչապետին։
Կառույցի կազմակերպատեխնիկական սպասարկումը վերապահվել է առողջապահության նախարարությանը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ։ Առողջապահության նախարարությունը պատասխանատու է լինելու հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվություն, ռիսկի գնահատումներ և արձագանքման առաջարկներ ներկայացնելու համար, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակելու է հանձնաժողովի քարտուղարին։
Հանձնաժողովում ընդգրկված մարմինների և կազմակերպությունների ղեկավարները նույնպես հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է Առողջապահության նախարարությանը տրամադրեն իրենց ներկայացուցիչների, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատուների տվյալներն ու պաշտոնական կապի միջոցները։
Հանձնաժողովի առաջին նիստը գումարվելու է տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ Իրկուտսկի մարզից ժանտախտի ներբերման ռիսկի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։
Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։












