Հայաստանի առողջապահության նախարարությունը մոնիթորինգ է իրականացնում հանրային վտանգավորություն ներկայացնող վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ թոքային ժանտախտի հնարավոր տարածման վերաբերյալ հրապարակումների և տեղեկությունների նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին։
Նրա խոսքով՝ արդեն ձևավորված օպերատիվ աշխատանքային խումբը հետևում է հրապարակվող տեղեկատվությանը և դրա լրացումներին։
«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբը ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչպիսի տեղեկատվություն արդեն իսկ հասանելի է»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ կախված իրավիճակի զարգացման աստիճանից, կարող են կիրառվել խստացված վերահսկողության միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստան ժամանողների ջերմաչափում։
«Անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման»,- նշել է նա։
Նախարարությունը նաև աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ գործընկերների հետ՝ իրավիճակի ամբողջական պատկերը հասկանալու և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու համար։
Նա նշել է, որ եթե առկա տեղեկատվությունը, կասկածները և զարգացումները շարունակվեն, իսկ մտահոգությունները հիմնավորվեն, համապատասխան միջոցառումները կխստացվեն։
«Այս հիվանդությունը բավականին ծանր հիվադություն է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ սերտ շփման պայմաններում, իսկ ժամանակին համապատասխան հակաբիոտիկ բուժում չիրականացնելու դեպքում մահացության ռիսկը բարձր է։ Մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- ընդգծել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ առողջապահական գերատեսչությունը հետևում է աֆրիկյան որոշ երկրներում Էբոլայի հետ կապված բռնկումների վերաբերյալ իրավիճակին։
Թոքային ժանտախտի հնարավոր դեպքի վերաբերյալ միջազգային ուշադրությունը վերջին օրերին կենտրոնացել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզի վրա։ Հոկտեմբերի 2-ին մահացել է 28-ամյա Դարյա Շիպիլովան՝ Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցը։ Նրա մահվան պաշտոնական պատճառը դեռ վերջնականապես հաստատված չէ․ ռուսական կողմը նշել է «անհայտ էթիոլոգիայի թոքաբորբ»։ Ռուսաստանում մոտ 200 մարդու նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել։
ԱՀԿ գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր։












