Գլխավոր Լրահոս

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածություն է ներկայացվել

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածություն է ներկայացվել

Լիա Ավագյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնի համար ներկայացվել է երկու, իսկ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար՝ 29 թեկնածություն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն էր։

ՀՖՖ ընտրական կանոնակարգի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10 օրվա ընթացքում կստուգի թեկնածուների՝ ընտրվելու իրավունքն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը։ Դրանից հետո գրանցված թեկնածուների անունները կներկայացվեն ֆեդերացիայի անդամ ակումբներին և կհրապարակվեն։

ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 26-ին։ Ընտրական ժողովը կմեկնարկի ժամը 12։00-ին՝ ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում։

Երկրպագուների բողոքներն ու թեկնածուների առաջադրումը

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական վեց շարժումներ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկել էին հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հետագայում Ղազարյանն ինքը հայտարարեց, որ առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Ընտրություններին ընդառաջ՝ նոյեմբերի 4-ին, փոփոխվել է նաև ՀՖՖ կանոնադրությունը։ Ֆեդերացիայի արտահերթ ժողովում 29 կողմ և 2 դեմ ձայներով վերացվել են նախագահի թեկնածուների՝ հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։

Փոփոխությունները քննադատել է «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական շարժումը՝ կոչ անելով ֆեդերացիայի անդամներին դեմ քվեարկել կամ ձեռնպահ մնալ։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ փոփոխությունները նախաձեռնել են ֆեդերացիայի անդամները։

Մելիքբեկյանը ՀՖՖ-ն ղեկավարում է 2019-ից։ Նախորդ ընտրություններում՝ 2023-ի դեկտեմբերին, նա վերընտրվել էր՝ ստանալով 20 ձայն, իսկ նրա մրցակից Արաս Օզբիլիսը՝ երեք։


Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կանոնադրական այս փոփոխությունները կարող են ճանապարհ հարթել Դենիս Ջորկաեֆի համար, որպեսզի վերջինս առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նրա թեկնածությունն առաջ է մղում ՖԻՖԱ-ն՝ «քաղաքական միջամտության» ճանապարհով: Դենիս Ջորկաեֆը հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։ ՀՖՖ-ից ավելի վաղ ՍիվիլՆեթին հայտնել էին, որ նման ինֆորմացիա չունեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում