Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Նոյեմբերի 20-ին հրապարակված հայտարարությամբ կազմակերպությունը միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կոչին՝ հորդորելով դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունն ու նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերը։
Հայտարարության առիթը նոյեմբերի 19-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցն էր։ Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վարչապետից հետաքրքրվել էր ընդդիմախոսների հասցեին հնչեցրած սպառնալիքների և նրա օգտագործած բառապաշարի մասին։ Լրագրողը հիշեցրել էր Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարությունները՝ հարցնելով. «Էս ձեր ատելության, սպառնալիքների դոզան, կիրքը մինչև ո՞ւր է հասնելու»։
Ջեբեջյանն անդրադարձել էր նաև պատերազմի զոհերին վերաբերող՝ վարչապետի հայտարարություններին՝ հարցնելով, թե ինչու է նա իր ընդդիմախոսներին հարցնում՝ ինչու չեն զոհվել, մինչդեռ իր թիմակիցներից շատերը ևս չեն մասնակցել պատերազմին։
Ի պատասխան՝ Փաշինյանը լրագրողին և մի շարք քաղաքական ուժերի մեղադրել էր «Եռաբլուրը» քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։ «Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի»,- հայտարարել էր վարչապետը՝ մի քանի անգամ կրկնելով նույն բնորոշումը։ Նա նաև ասել էր. «Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ»։
Ճեպազրույցի ընթացքում Ջեբեջյանը հայտարարել էր, որ «եղկելի» բառի համար դատի է տալու վարչապետին, իսկ Փաշինյանը հորդորել էր դիմել դատարան։
Արձագանքելով միջադեպին՝ EFJ-ի նախագահ Մայա Սևերը հայտարարել է. «Լրագրողին վիրավորելը ոչ միայն մեկ անձի դեմ հարձակում է, այլև խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների դեմ ուղղված հարձակում»։
Նա ընդգծել է, որ կառավարության ղեկավարն առանձնահատուկ պատասխանատվություն ունի լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու հարցում։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարությամբ Փաշինյանին մեղադրել էր լրագրողների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների և վիրավորանքների մեջ՝ միջազգային լրագրողական կազմակերպություններին կոչ անելով հրապարակայնորեն արձագանքել միջադեպին։
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան, միանալով այդ հայտարարությանը, Հայաստանի իշխանություններին հորդորել է զսպվածություն ցուցաբերել և հարգել լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ անկախ նրանց արտահայտած տեսակետներից։











