Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի TRIPP նախագծի մեկնարկը։ Այս մասին DigiTec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից են էներգետիկան և էլեկտրաէներգիայի տարանցումը։ Հայաստանը նախատեսում է իր էլեկտրաէներգետիկ ցանցը կապակցել Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին։
«Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա իրոք շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն։
«Մի քանի օր առաջ ես մտածում էի՝ ի՞նչ է անկախությունը, և ես առաջարկեցի բանաձև մեր հասարակությանը՝ հետևյալը. անկախությունն այն գործընթացն է, երբ սակավաթիվ սուբյեկտներից կախվածությունը վերածում ես բազմաթիվ սուբյեկտներից կախվածության»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իրական անկախությունը ոչ թե որևէ մեկից կախվածություն չունենալն է, այլ բազմաթիվ երկրների հետ կապեր ունենալը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ազդեցության լծակներ կիրառել։
TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Նոյեմբերի 12-ին խորհրդարանն ընդունել է նաև նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումները։











